Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ կոտրվածք

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ կոտրվածք

2648
Տարածել

Մարդու ոսկրամկանային համակարգի վնասվածքները կարող են առաջանալ ամենաանսպասելի իրավիճակներում՝ փողոցում քայլելիս, աշխատելիս, աշխատանքի, մարզումների, ակտիվ խաղի ժամանակ, անփույթ եւ անզգույշ շարժումների, սայթաքելու –ընկնելու հետեւանքով։ Այս վնասվածքներից տուժում են ոսկորները, հոդերը, մկանները։

Ոսկրամկանային վնասվածքները հիմնականում ցավոտ են, հատկապես, երբ տուժածը մի քանիսն է ստացել։ Սակայն այդ վնասվածքները խիստ հազվադեպ են կյանքի համար վտանգավոր։ Սա չի նշանակում, թե առաջին օգնությունը կարելի է ուշացնել։ Ցանկացած, այդ թվում՝ ոսկրամկանային վնասվածքին ժամանակին եւ ճիշտ չարձագանքելը կարող է մարդու հաշմանդամության եւ անգամ մահվան պատճառ դառնալ։

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ են՝

  1. Կոտրվածք
  2. Հոդախախտ
  3. Կապանների (հոդի մեջ կապող օղակ) ձգումը եւ պատռվածք
  4. Մկանների ու ջլերի ձգում եւ պատռվածք։

Ոսկրամկանային վնասվածքներից տուժում են մարդու կրծքավանդակը, գլուխը, ողնաշարը, բայց առավելապես՝ վերին եւ ստորին վերջույթները։

Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։

Կոտրվածք

Կոտրվածքը ոսկրի ամբողջականության եւ անընդհատության խախտումն է, որն առաջանում է ոսկրի ամրությունը, դիմադրությունը գերազանցող ուժի ազդեցության տակ՝ ուժեղ հարված, սայթաքում, ոլորում, ծանր առարկայի ազդեցություն եւ այլն։ Կոտրվածքները լինում են բաց եւ փակ։ Բաց կոտրվածքների դեպքում վնասվում է նաեւ մաշկը, փակի դեպքում մաշկը չի վնասվում։ Բաց կոտրվածքներն ավելի վտանգավոր են, քանի որ մեծ է վարակի եւ արյունահոսության հավանականությունը։ Երկու դեպքում էլ հնարավոր է արյունահոսություն՝ ներքին եւ արտաքին։

Ոսկրամկանային վնասվածքների նշաններն են՝ ցավ, այտուց, վնասված մասի մաշկի գույնի փոփոխություն, վնասված մասի ձեւի փոփոխություն, վնասված մասի գործունեության խանգարում։

Ոսկրամկանային վնասվածքների դեպքում՝

  • Դադարեցրե՛ք արտաքին արյունահոսությունը՝ առանց վերքի վրա անմիջական ճնշում գործադրելու։ Ճնշե՛ք սեղմման կետերը՝ մարմնի որոշ հատվածներ, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյան շրջանառությունը։ Սեղմման կետեր կան ծնկի, ոտնաթաթի, արմունկների, դաստակների, ուսագոտու հոդերի մոտ։
  • Խոսե՛ք տուժածի հետ, հանգստացրե՛ք նրան, օգնե՛ք, որ հարմար դիրք ընդունի եւ անշարժացրե՛ք վնասված մասը։
  • Սառեցրե՛ք վնասված մասը։ Սառեցումը նպաստում է արյունահոսության, այտուցի եւ ցավի նվազեցմանը։ Սառը թրջոցներ կամ սառցապարկ չի դրվում միայն բաց կոտրվածքի վրա։
  • Բարձրացրե՛ք վնասված մասը։ Վնասված մասի բարձրացումը նպաստում է արյունահոսության եւ այտուցի նվազեցմանը։
  • Վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները եւ դրանք փոխանցե՛ք դեպքի վայր հասած արագ արձագանքման ծառայության աշխատակիցներին։