Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված ճամփորդներին

Փրկարարները գտել են մոլորված ճամփորդներին

453
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումներն արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 916 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 591 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 47 կեղծ կանչ:

Փրկարարները 146 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը` փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Ավան, Աջափնյակ վարչական շրջաններում, Կապան, Գավառ, Սեւան, Վանաձոր եւ Աբովյան քաղաքներում։ Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 43 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 15 դեպքում:

Այլ կանչեր.

Երեւանի փրկարարական վարչության թիվ 18 փրկարարական ջոկատն օգնել է Պարույր Սեւակի փողոցի բնակչին, որը կանչ էր տվել մատանին մատից հանելու խնդրանքով:

Իջեւանի փրկարարները Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու տարածքում տարբեր օրերի երկու ահազանգ են սպասարկել՝ ոտքի բարդ կոտրվածք եւ ինքնազգացողության վատացում: Երկու դեպքում էլ փրկարարները ոտքով մոտ 1 կմ պատգարակով տեղափոխել են տուժածներին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ավտոճանապարհին մթության պատճառով քաղաքացիներ են մոլորվել: Սպիտակի փրկարարները հայտնաբերել են 7 հոգու եւ ուղեկցել իրենց մեքենաների մոտ:

Ամասիա գյուղի «Թորոսի յայլա» կոչվող հանդամասում կովն ընկել էր մոտ 1,5 մետր խորությամբ ջրանցքը: Մարալիկի փրկարարները դուրս են բերել կենդանուն եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Վայոց ձորի Քարագլուխ գյուղի մոտակայքում մեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 300 մ գլորվել ձորը:  Եղեգնաձորի փրկարարները տեղափոխել են տուժածներին դեպի շտապօգնության մեքենան: