Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Դրվագներ՝ Շողակաթի փրկարարական հենակետի առօրյայից

Դրվագներ՝ Շողակաթի փրկարարական հենակետի առօրյայից

1021
Տարածել

Այս լողասեզոնին Գեղարքունիքի մարզում առաջին անգամ գործարկվեց Շողակաթ համայնքի փրկարարական հենակետը, որում տասնօրյա ժամկետով հերթապահում են Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 6-ական ծառայող։ Հենակետի աշխատանքը կշարունակվի մինչեւ սեպտեմբեր։

Օրեր առաջ ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Ալբերտ Մարտիրոսյանը Սեւանա լճից դուրս է բերել 11-ամյա աղջկա, որի ռետինե  օղակն ուժեղ քամին  հեռացրել էր ափից մոտ 200 մետր։

«Հարազատների աղմուկը լսեցինք, երեխան հեռավորության վրա գրեթե չէր երեւում։ Այդ ընթացքում մեր մոտորանավակը հենակետից հեռու շրջայց էր կատարում։  Երկար մտածելու ժամանակ չկար, որպես հրամանատար՝ պատասխանատվությունն ինձ վրա վերցրի եւ լողացի դեպի աղջիկը։ Միակ վախս այն էր, որ խուճապի չմատնվի եւ բաց չթողնի օղակը»,- պատմում է Ալբերտ Մարտիրոսյանը՝ խոստովանելով, որ շտապելու պատճառով բավականին հոգնել էր։

Հետդարձի ճանապարհին փորձառու լողորդն ու տուժածը ստիպված էին դիմակայել մեծ ալիքներին։ Նախասիրությունների եւ դպրոցական կյանքի  մասին զրույցը կարճել էր ժամանակը։ Փրկարարի խոսքով՝ ափ հասնելուն պես ծնողները փորձել էին պատժել երեխային, թեպետ մեղքն իրենցն էր։ Սեւանա լիճն անկանխատեսելի է, անուշադրությունը կարող է անդառնալի հետեւանք ունենալ։

Ուժեղ քամու պայմաններում վտանգավոր են նաեւ փչովի փոքր նավակներն ու ջրային հեծանիվները, որոնք հեշտությամբ կողաշրջվում են եւ խորտակվում։  Արկածախնդիր հանգստացողները հասնում են լճի խորքերն ու ներքին հոսանքի պատճառով չեն կարողանում վերադառնալ։ Ցավոք, այս տարի ջրահեղձության մեկ դեպք գրանցվեց։

Գինովցած զբոսաշրջիկների հետ պարբերաբար ընդհարումներ են լինում լողանշաններն անցնելու  պատճառով։ Երբեմն փրկարարներն ընդառաջում են եւ կարճ տարածությունից հսկում լողորդի անվտանգությունը։ Ջրասուզակը նշում է՝ կանոններին հետեւելու եւ սեփական կյանքը խնայելու գիտակցություն մարդիկ դժվարությամբ են ձեռք բերում։

Օգոստոսի 18-20-ը Շորժա գյուղի լողափում բարեգործական ծրագրով իրենց հանգիստն են անցկացրել նաեւ մարզի անապահով ընտանիքներից մոտ 550 երեխա։ Արտակարգ դեպքերից խուսափելու համար հրամանատարի խնդրանքով տարածքում հերթապահել է  շտապօգնության մեքենան։ «Երեխաներն իրար գլխի էին ցատկում, քարեր նետում, վազվզում։ Մեր աշխատանքը սովորեցրել է գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը»,-  ասում է փրկարարը, որը փոքրահասակ զավակ ունի։

Ջրափրկարարության դժվարությունները շատ են, բայց՝ հաղթահարելի։ Ալբերտ Մարտիրոսյանի համոզմամբ՝ այս գործում հաջողել կարող ես, եթե միայն ջրի տարերքին ընտելանաս եւ ապրես նրա օրենքներով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները