Գլխավոր Վերլուծություն Կրթությունը՝ ճգնաժամային իրավիճակներում մոր եւ մանկան մահացության կանխարգելիչ գործոն

Կրթությունը՝ ճգնաժամային իրավիճակներում մոր եւ մանկան մահացության կանխարգելիչ գործոն

384
Տարածել
Woman holding her newborn baby at hospital

Կրթությունը՝ ճգնաժամային իրավիճակներում մոր եւ մանկան մահացության կանխարգելիչ գործոն

Աշխարհում ճգնաժամային իրավիճակների պատճառով տարեկան գրանցվում է մոր եւ մանկան մահացության մոտ 500 հազար դեպք։ Մայրական մահացության ռիսկը մեծ է Աֆրիկայում՝ 1-ը 22-ից, զարգացած երկրներում՝ 1-ը 7300-ից։ Սա պայմանավորված է նրանով, որ հղիները կազմում են տեղաշարժված  կամ ճգնաժամում հայտնված բնակչության 4 տոկոսը, եւ հղիությունն ու ծննդաբերությունը կանանց մահացության հիմնական պատճառն են։

Ուսումնասիրությունների համաձայն՝ մայրական մահացության են հանգեցնում արյունահոսությունը՝ 25 %, թարախարյունությունը՝ 15 %, բարձր զարկերակային ճնշման պատճառով առաջացած ցնցումները՝ 12 %, հղիության վտանգավոր ընդհատումը՝ 13 %, շնչառական ուղիների խցանումը՝ 8 %, այլ պատճառներ՝ 27 %։

1000 նորածնից 9-33 դեպքում երեխան մահանում է պերինատալ շրջանում (հղիության առաջին շաբաթը եւ 22-րդ շաբաթից հետո)։ Հիմնական պատճառներն են շնչարգելումը, ծննդաբերական տրավման, անհասությունը, վարակները՝ սեպսիս, փայտացում, սիֆիլիս, թերջերմությունը՝ հիպոթերմիան։

Մոր եւ մանկան մահացության բարձր մակարդակի դեմ պայքարի հիմնական միջոցառումներն են՝

  • Անհետաձգելի մանկաբարձական եւ նեոնատալ (ծննդից մինչեւ 28-րդ օրը) բուժօգնություն
  • Բազային ծառայություններ նեոնատալ բուժօգնության առաջնային օղակում, բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմի ապահովում
  • Կոմպլեքս ծառայություններ նեոնատալ հիվանդանոցներում, ուր ուղեգրվում են հիվանդները
  • Ուղեգրման համակարգի ապահովում՝ տրանսպորտ եւ կապ
  • Անվտանգության ապահովում տնային ծննդաբերության դեպքում:

Եթե խաղաղ դրության ժամանակ հնարավոր է հղի կնոջն արագ հասցնել հիվանդանոց,  ապա ճգնաժամային իրավիճակներում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ՝   տեղաշարժման եւ բուժօգնության մատչելիության սահմանափակում, իգական սեռի բուժաշխատողների բացակայություն, հղիի ընտանիքի անդամների չմտածված որոշումներ, մասնավորապես՝ վտանգի  նշանների անտեսում եւ հրաժարում մասնագիտացված բուժօգնությունից։

Բազային անհետաձգելի մանկաբարձական եւ նեոնատոլոգիական բուժօգնություն ցուցաբերող բժշկական կենտրոնները պարտավոր են ապահովել հակաբիոտիկների,  հակացնցումային դեղերի եւ արգանդի հետազոտության գործիքակազմի առկայություն, բնական ուղիներով ծննդաբերության պայմաններ, նորածինների ռեանիմացիա։

Մոր եւ նորածնի կոմպլեքսային անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերում են այն բժշկական կենտրոնները, որոնցում առկա է վիրահատարան՝ 150 000 – 200 000 բնակչի հաշվով։ Կենտրոնը պետք է ունենա նեղ մասնագետներ՝ անեսթեզիոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբարձուհի եւ բուժքույրեր, իրականացնի կեսարյան հատում, որովայնահատում, արյան անվտանգ փոխներարկում։

Մոր եւ նորածնի մահացության կանխարգելման համար կարեւոր է նախածննդյան  շրջանը։ Վատ մանկաբարձական անամնեզը, անցանկալի հղիությունը, մոր վաղ տարիքը՝ մինչեւ 15 տարեկան, բազմապտղությունը, սեռավարակները, մալարիան եւ աղիքային վարակները, սոցիալական կորուստները եւ այլ պատճառներ կարող են այս շրջանում մեծ խնդիրների հանգեցնել։  Ցանկացած դեպքում պետք է հիշել, որ միշտ կա ռիսկի գործոն։

Եթե վտանգավոր միջավայրում պետությունը չի կարողանում ապահովել շուրջօրյա բուժծառայություն, ապա պարտավոր է անել նվազագույնը՝  հետեւել, որ անհետաձգելի բուժօգնություն տրամադրող բուժաշխատողները մշտապես գտնվեն բուժհաստատությունում եւ ռադիոկապով վերահսկեն հիվանդների վիճակը։

Մոր եւ նորածնի առողջության պահպանումը հետճգնաժամային / կայունացած պայմաններում

Հայտնի է, որ մայրական մահացության 60 % -ը տեղի է ունենում հետծննդաբերական շրջանում, իսկ  մինչեւ 40 % նորածնային մահերը գրանցվում են ծնվելուց առաջին  24 ժամվա ընթացքում։ Պարտադիր է մոր այցելությունը բուժհաստատություն ծննդաբերությունից  24 – 48 ժամ հետո՝ նրա ընդհանուր առողջական վիճակը ստուգելու, սննդի, հիգիենայի, կրծքով կերակրման խնդիրները քննարկելու, համապատասխան դեղեր նշանակելու համար։ Նորածնի խնամքը ենթադրում է ընդհանուր վիճակի, քաշի ստուգում, քննարկումներ պատվաստումների եւ աճի  մոնիտորինգի մասին։

Ճգնաժամային  իրավիճակներում իրականացրած մի շարք մոնիտորինգների արդյունքները վկայում են, որ մոր եւ մանկան մահացության պատճառները գնահատելու համար պետք է համակողմանի, նույնիսկ՝ եզակի դեպքերի ուսումնասիրություն։

Այս համատեքստում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չորս «վեկտորային» մոտեցում են որդեգրել՝

  1. ՄԻԱՎ կանխարգելում վերարտադրողական տարիքի կանանց շրջանում
  2. ՄԻԱՎ վարակակիրների շրջանում անցանկալի հղիության կանխարգելում
  3. Մինչեւ 6 ամիս ՄԻԱՎ վարակակիր կանանց երեխաների կրծքով կերակրում կաթնատու մայրերի միջոցով, դրանից հետո՝ ալտերնատիվ կերակրման մեխանիզմի ներդրում
  4. ՄԻԱՎ վարակակիր կանանց, նրանց նորածինների եւ ընտանիքի աջակցություն

Ոչ պակաս ուշադրություն է դարձվում ուսուցմանը։ Կարեւորելով ինքնուս մանկաբարձուհիների եւ բուժքույրերի վերապատրաստումը՝ վերոնշյալ կազմակերպությունները, այդուհանդերձ, չեն խրախուսում բուժքրոջ փոխարեն «տատմերների»  գործունեությունը։ Հղիների հետ տարվում է բացատրական աշխատանք վտանգի նշանների, մասնագիտացված բուժօգնության, սնուցման, հիգիենայի եւ կրծքով կերակրման վերաբերյալ։

Չնայած ճգնաժամային իրավիճակներում ազգային եւ միջազգային մակարդակով բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներին՝ ներկա դրությամբ  պաշտոնապես գրանցված է  2 միլիոն չբուժված խուղակ (ախտաբանական հաղորդակցություն  որեւէ օրգանի, մարմնի խոռոչի, հիվանդության օջախի ու մարմնի մակերեւույթի միջեւ): Այս թիվն ամեն տարի ավելանում է  50 000 – 100 000-ով։

Սեռական վերարտադրողական առողջության ոլորտի կոորդինատորները խնդրի լուծումը գտնում են վաղ ամուսնության եւ մանկածնության կանխման, աղջիկների եւ դեռահասների սնուցման բարելավման, վնասակար ավանդույթների վերացման, աղջիկների եւ կանանց կրթության բարելավման մեջ։

 

Հոդվածը պատրաստվել է Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի «Միջազգային հիմնական հանձնարարականները ճգնաժամային պայմաններում մոր եւ մանկան առողջության պահպանման համար»խորագրով զեկույցի հիման վրա