Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՊԿ ուսումնամեթոդական հավաք՝ Ղրղզստանում

ՀԱՊԿ ուսումնամեթոդական հավաք՝ Ղրղզստանում

441
Տարածել

Օգոստոսի 5-8-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը Ղրղզստանի Բալիկչի քաղաքի «Էդելվեյս» զորավարժարանում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի Հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՀՆՈՒԿ) կազմում ներգրավված անվտանգության մարմինների՝ ներքին գործերի նախարարությունների, ներքին զորքերի, արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման ոլորտում լիազոր մարմինների ստորաբաժանումների ղեկավար կազմի ուսումնամեթոդական հավաքին։ 

Քննարկվել են հետեւյալ թեմաները՝ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմն ու նշանակությունը, զորակազմերի պատրաստության կատարելագործումը, ՀՆՈՒԿ ստորաբաժանումների կառավարման եւ անվտանգության մարմինների միջեւ համագործակցության կազմակերպումը, միասնական համազգեստի ներդրման անհրաժեշտությունը, ՀԱՊԿ ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը, ՀԱՊԿ օպերատիվ ուժերի օգնությանը դիմելու ընթացակարգը  եւ այլն։ 

Արսեն Սարոյանի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհրդի կոմիտեի ստորագրած փաստաթղթերով՝  օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների ուսուցման ձեւաչափ են ընտրվել ուսումնամեթոդական հավաքն ու հատուկ տակտիկական ուսումնավարժությունը։ 

Նախորդ տարի մայիսին ուսումնամեթոդական հավաքն անցկացվեց Հայաստանում, որին ներկա էին ՀԱՊԿ քարտուղարությունը եւ 5 անդամ պետությունների ներկայացուցիչները։ Նույն տարի Հայաստանը 14-հոգանոց թիմով աչքի ընկավ Ղազախստանում անցկացված «Սկալա -2018» հատուկ մարտավարական ուսումնավարժության ժամանակ։  Օպերատիվ խմբի ղեկավարների ներկայացրած զեկույցները եւ հայ փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքը տպավորել էին կազմակերպիչներին։ 

«Քանի որ ՀԱՊԿ-ի կողմից վերջին անակնկալ ստուգայցը կատարվել էր 2015 թվականին, առաջարկ եղավ այն անցկացնել 2020-ին՝ ՀԱՊԿ օպերատիվ հավաքական ուժերի զորակազմերի եւ Հատուկ նշանակության ուժերի կազմավորումների օպերատիվ ծավալման պլանի իրատեսությունը գնահատելու համար։ Քարտուղարությունը նաեւ խնդրեց, որ հաջորդիվ շտաբային բանակցություններին ներկայանան նույն մասնակիցները, որոնք կունենան կառույցի գործունեության մասին հստակ գիտելիք եւ խնդիրները ներկայացնելու փորձ»,- նշեց Արսեն Սարոյանը։ 

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ կապի, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակում անդամ պետություններում ռադիոկայանների ներդրման, ինչպես նաեւ՝ տվյալ երկրի ուժային կառույցների միջեւ համագործակցության սերտացման մասին։ 

Ուսումնամեթոդական հավաքի մասնակիցները ներկա են գտնվել նաեւ «Գրոմ 2019» հատուկ տակտիկական ուսումնավարժության հանդիսավոր բացմանը, կրակային մրցումներին, անօդաչու սարքավորումերի ցուցահանդեսին։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արսեն Սարոյանը