Գլխավոր Միջոցառումներ Մարտական հերթապահությունը շարունակվում է

Մարտական հերթապահությունը շարունակվում է

1087
Տարածել

Օգոստոսի 17-ին Երեւանի Ազատության հրապարակում հարյուրավոր պաշտոնյաներ, արտասահմանյան հյուրեր եւ պարզապես սպորտասեր քաղաքացիներ վայելեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերի փակման արարողությունը։

Նույն օրը Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից ավտոպարկում, STR ակումբի նախաձեռնությամբ անցկացվեց HOONIGAN եւ DRIFT SHOW միջոցառումը ավտո- եւ դրիֆտինգի սիրահարների համար։ 

Մասնակիցների եւ հանդիսատեսի անվտանգությունն ապահովում էին Երեւանի փրկարարական վարչության թիվ 1, 3 եւ 8 ջոկատները։ Արտակարգ դեպքեր չգրանցվեցին։ 

STR ակումբի ղեկավար, միջոցառման կազմակերպիչ Արսեն Մանուկյանը նշեց՝ նման էքստրեմալ մրցույթներում, որոնց ժամանակ ավտոմասերի տաքացումից վայրկենական հրդեհ կարող է բռնկվել, մասնակիցների անվտանգությունն առաջնահերթ է։ Թեեւ  ակումբն առաջնային հրդեհաշիջման միջոցներ՝ կրակմարիչներ ունի, սակայն տարածքում հերթապահում են փրկարարներ եւ շտապօգնության բրիգադ։ 

Արսեն Մանուկյանի խոսքով՝ վերջին արտակարգ դեպքը գրանցվել է 2017 թվականին Վեդիում անցկացված լեռնային մրցավազքի ժամանակ, որին մասնակցում էին նաեւ վրաց մարզիկներ։ Մեքենան երթեւեկելի հատվածից դուրս էր եկել եւ կողաշրջվել խոտածածկ տարածքում՝ առաջացնելով հրդեհ։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հրդեհաշիջել էին այրվող մեքենան:  

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները