Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ջրասուզակը փրկել է Սեւանա լճում հայտնված պատանուն

Ջրասուզակը փրկել է Սեւանա լճում հայտնված պատանուն

513
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 736 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 414 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 30 կեղծ կանչ:

Փրկարարները 163 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը` փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի վարչական շրջաններում եւ Կապան քաղաքում։ Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 26 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 13 դեպքում:

Այլ կանչեր․

Արթիկի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հառիճ գյուղում աղվեսն ընկել է մոտ երկու տոննա տարողությամբ տարրայի մեջ։ Կենդանին անվնաս դուրս է բերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք։

Սեւանա լճի ափամերձ Շորժայի փրկարարական հենակետից Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակ Ալբերտ Մարտիրոսյանը նկատել է, որ քաղաքացին ռետինե օղակով չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ: Փրկարարը մոտ 300 մետր լողալով ափ է դուրս բերել 11-ամյա աղջկան։ 

Այս սեզոնին Վայոց ձորի մարզում ակտիվացել են արջերը։ Գետափ գյուղից եւ Շատին բնակավայրից ահազանգ է ստացվել, որ արջերը վնասում են ձմերուկի ու խաղողի այգիները, կոտրում պտղատու ծառերը։ Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանների գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն։