Գլխավոր Միջոցառումներ Սեւանա լճի «թշնամիները»

Սեւանա լճի «թշնամիները»

200
Տարածել

Հուլիսի 15-27-ը Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի անդամներ Կլոդ Թուլումջյանը, Ստեփան Կոջոյանը, Արա Ավագյանը եւ Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայող Վահե Մելքոնյանը հետազոտական նպատակով սուզումներ են կատարել Սեւանա լճում։ Սա թիմի համար ամենամյա ավանդույթ է։ 

Մինչ այդ Վահեն Սեւանի թերակղզու մոտակայքում ձմռանը տեսախցիկով մոնիթորինգ է արել եւ նկատել մի շարք էկոլոգիական փոփոխություններ։ «Ձմեռվանից Փոքր Սեւանի ջուրը պղտոր է՝ ի տարբերություն նախորդ տարիների։ Ձկնագողության պատճառով խեցգետին գրեթե չի հանդիպում։ Այս ամռանը լիճ թափվող կոյուղաջրերի պատճառով առատ բուսականություն ունեցանք, ինչը պատուհաս է դարձել փափկամարմինների համար։ Ջրիմուռները նեխելով կուտակվում են լճի հատակին՝ առաջացնելով թթվածնային քաղց եւ նպաստելով այս կենդանիների անկմանը»,- մանրամասնեց  ջրասուզակը եւ հավելեց, որ լճի աղտոտվածության խնդիրը շարունակում է հրատապ մնալ, ինչի մասին է վկայում ամենամյա ստորջրյա աղբահավաքը։ Ի դեպ՝ առաջին աղտոտողները ոչ թե զբոսաշրջիկներն են, այլ՝ տեղացիները։ 

Նույն իրավիճակն է Հայաստանի գետերում։ Վահեի խոսքով՝ այս օրերին Գավառագետն ամբողջովին գոմաղբով է լցված։ Իսկ, օրինակ, Արգիճի գետը մի համայնքային ծրագրով վերջապես մաքրվել է տարիներով կուտակված աղբից։ 

Ֆրանսիահայ ջրասուզակները մեկնել են, Վահեն շարունակում է ուսումնասիրությունը Սեւանա լճի տարբեր հատվածներում։ Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վահե Մելքոնյանը