Գլխավոր Վերլուծություն Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում

Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում

387
Տարածել

Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները բարձրաձայնում են աղետների ժամանակ նախնական նվազագույն ծառայությունների փաթեթի տրամադրման անհրաժեշտության մասին։ Հայտնի է, որ ճգնաժամային իրավիճակներում խոցելի են հատկապես կանայք։ Վերարտադրողական առողջության հետ կապված  խնդիրներն ամբողջ աշխարհում կանանց շրջանում մահացության եւ հիվանդացության հիմնական պատճառներն են:

Վերարտադրողական առողջությունը մարդու լիակատար ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական բարեկեցությունն է՝ կապված վերարտադրողական համակարգի գործունեության հետ։ Մարդ, ի թիվս մի շարք իրավունքների՝ մասնավոր կյանքի, անձի անվտանգության,  առանց խտրականության հավասարության եւ այլն, ունի անվտանգ սեռական կյանքի, վերարտադրման, երեխաների թվի  եւ ծնվելու ժամանակի որոշման ազատ իրավունք։ Այս ամենը ներառում է սեռական կյանքը, կենսական եւ միջանձնային հարաբերությունները (Կահիրե, ICPD գործողությունների պլատֆորմ, 1994 թ․):

Ճգնաժամային իրավիճակներում, երբ հասարակության գործունեության  լուրջ խանգարման հետեւանքով առաջանում են հումանիտար, նյութական եւ էկոլոգիական վնասներ,  ծագում են հետեւյալ խնդիրները՝

  • ավելանում են հղի կանանց ծննդաբերության վտանգները, բարդությունների եւ մահացության թիվը
  • բարձրանում է սեռական բռնության, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների եւ մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) փոխանցման ռիսկը
  • նվազում է ինֆորմացիա եւ ծառայություններ ստանալու  հնարավորությունը։

Այս պարագայում պետությունը պարտավորվում է ապահովել իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի պահպանումը։ Սեռական վերարտադրողական առողջության ոլորտում միջազգային մանդատները եւ ծառայությունների ստացման իրավունքի քաղաքականությունն ամրագրված է մի շարք փաստաթղթերով՝  Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա,  Կանանց նկատմամբ բոլոր տեսակի դիսկրիմինացիաների վերացման կոնվենցիա, կանանց 4-րդ միջազգային կոնֆերանսի  գործողությունների պլատֆորմ, Ռասայական խտրականության  բոլոր տեսակի վերացման կոնվենցիա, Երեխաների իրավունքների  մասին կոնվենցիա եւ այլն։

Ճգնաժամային իրավիճակներում սեռական վերարտադրողական առողջության ոլորտի բարելավումն անհրաժեշտություն է, որպեսզի կանխվեն խիտ բնակության պայմաններում մայրական մահացության ռիսկերը սեռավարակների փոխանցման, վատ սնուցման եւ էպիդեմիայի հետեւանքով հղիության բարդությունների, ինչպես նաեւ մանկաբարձական անհետաձգելի օգնության բացակայության պատճառով։

Գոյություն ունի վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված սկզբնական նվազագույն  միջոցառումների համալիր (MISP), որի գլխավոր խնդիրներն են

  1. Սեռական բռնության կանխումն ու տուժածների օգնությունը։Իրականացվում է կանանց, հատկապես՝ աղջիկների համար պաշտպանության համակարգի ներդրում, տուժածների բուժօգնության եւ հոգեբանական օգնության ցուցաբերում, հղիության կանխարգելում, տեղի բնակչությանը մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության եւ ՄԻԱՎ-ի նկատմամբ դեղորայքի տրամադրում։
  2. ՄԻԱՎ/ՍՃՓՎ փոխանցման նվազեցում։ Ստեղծվում են արյան փոխներարկման համար անվտանգ եւ ռացիոնալ պայմաններ, կիրառվում են անվտանգության ստանդարտ միջոցներ, տրամադրվում են անվճար պահպանակներ։
  3. Միջոցառումներ մոր եւ մանկան մահացության ու հիվանդացության բարձր մակարդակի դեմ։ Մատուցվում են անհետաձգելի մանկաբարձական եւ նեոնատալ բուժօգնություն (EmONC), կոմպլեքս ծառայություններ հիվանդանոցներում, ապահովվում են անվտանգ պայմաններ տնային ծննդաբերության դեպքում։ Արտակարգ իրավիճակների համակարգը լուծում է տրանսպորտի ու կապի հարցը։

2004 թ․ MISP համակարգի կիրառման ուսումնասիրությունը ցույց տվեց դրա անարդյունավետությունը, քանի որ հաշվի չէին առնվել մի շարք կարեւոր հանգամանքներ՝ նորածնային հիվանդացությունը, մանկաբարձական օգնությունը, ճգնաժամային իրավիճակում, օրինակ՝ բռնաբարությունից հետո շուրջօրյա ծառայությունների ապահովման դժվարությունները, կոորդինացիայի բացակայությունը, լոգիստիկ խնդիրները եւ այլն։

Համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ է

  • ուժեղ եւ հարգված կոորդինատոր, գործողությունների պլանավորում
  • սեռական բռնության կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքեր, բուժաշխատողների ուսուցում
  • ծննդաբերության ժամանակ վարակի կանխարգելման համար անհրաժեշտ հավաքածուներ
  • լոգիստիկ պատրաստվածություն

 

Հոդվածը պատրաստված է Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի համանուն զեկույցի հիման վրա