Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ ճամբարականների արկածները՝ Գեղարքունիքում

ԱԻՆ ճամբարականների արկածները՝ Գեղարքունիքում

768
Տարածել

Հուլիսի 15-25-ը Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների երեխաները՝  8-15 տարեկան 70 հոգի, իրենց հանգիստն էին վայելում Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում տեղակայված պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստյան ճամբարում:

ԱԻՆ թիմի ղեկավար, «Հիդրոմետ» ծառայութjան ագրոկանխատեսումների բաժնի պետ Լարիսա Գրիգորյանը վերհիշում է ճամբարականների մոլորությունը, որոնց պատկերացումներն անհոգ հանգստի, անվերջանալի խաղերի եւ խարույկի շուրջ կիթառի երեկոների մասին սահմանափակվել էին տասնօրյա զինվորական կյանքով: Առավոտյան 6:30 բոլորն արթնանում էին, հարդարում անկողինը, լվացվում, մարզվում, նախաճաշում եւ անցնում շարային պարապմունքի: «Ամենադժվար «առաջադրանքներից» մեկը խոհանոցում հերթապահությունն էր․ երեխաները չգիտեին՝ ինչպես կարտոֆիլ մաքրել։ Շփոթվում էին սպաներին պատվի առնելիս։ Երբ մեկը մի սխալ բան էր անում, պատժվում էր ամբողջ խումբը։ Այս առումով մերոնք բոլորից օրինախախտ էին»,- ժպիտով պատմում է Լարիսա Գրիգորյանը՝ մտաբերելով ատամի մածուկով միմյանց ներկելու «ավանդույթը»։

Չնայած «անհնազանդությանը»՝ ԱԻՆ թիմն աչքի է ընկել ֆուտբոլի, բասկետբոլի, շախմատի մրցույթներում եւ ինտելեկտուալ խաղերում՝ զբաղեցնելով տարբեր մրցանակային տեղեր։ Հրաձգություն մարզաձեւում մեր պատանիները երրորդն էին։

Ամբողջ ընթացքում տարածքում հերթապահել են Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, որոնք անվտանգություն ապահովելուց զատ՝ արտակարգ իրավիճակների մասին դասընթացներ են վարել եւ ջոկատավարի հոգատարությամբ կիսել երեխաների առօրյան։

Լարիսա Գրիգորյանի խոսքով՝ կարճ ժամկետում ճամբարականների միջեւ ամուր ընկերություն է ստեղծվել, եղել են սիրային դրվագներ։ Բաժանվել են՝ արցունքն աչքերին։

10-ամյա Սյուզի Սարգսյանը թեքվանդոյի դասերի շնորհիվ ինքնապաշտպանվել է սովորել, ձեռք բերել իրեն հասակակից եւ ավագ ընկերներ։ Ճամբարում անցկացրած ուրախ օրերի մասին լավագույնս վկայում են հարյուրավոր լուսանկարները։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Լարիսա Գրիգորյանը