Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նախագիծ. «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարություն»

Նախագիծ. «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարություն»

1154
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության եւ դրա իրականացման 2020-2030 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պլանավորել եւ իրականել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Ըստ ԱԻ նախարարության, Հայաստանի ազգաբնակչությունը, տնտեսությունը եւ շրջակա միջավայրը մեծապես խոցելի են բնական երեւույթների հետեւանքով առաջացող եւ տեխնածին աղետների ռիսկից, անհետաձգելի անհրաժեշտություն է պետության եւ հասարակության աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացումը, որը պետք է իրականացվի կառավարման բոլոր մակարդակներում զարգացման ծրագրերի մեջ ԱՌԿ միջոցառումների ներառման եւ կարողությունների զարգացման միջոցով, արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների ժամանակ պետական կառավարման մարմինների եւ տնտեսության օբյեկտների դիմակայունության, գործունեության անընդհատության եւ շարունակականության ապահովմամբ:

Ռազմավարությամբ առանձնացված է 13 ոլորտ՝ բնակչության պաշտպանություն, ճգնաժամային կառավարում, սեյսմիկ պաշտպանություն, տեխնիկական անվտանգություն, պետական ռեզերվներ, բնակչության ուսուցում, հանրային իրազեկում, մարդասիրական արձագանքում, լեռնափրկարարություն, միջազգային համագործակցություն, կադրային քաղաքականություն, ֆինանսներ: Իսկ այս ոլորտներում զարգացում ապահովելու համար արձանագրված են հստակ գործողություններ, պատասխանատուներ եւ ժամկետներ. հրշեջ-փրկարարական ջոկատների, հենակետերի (այդ թվում՝ կամավորական) ստեղծում, փրկարար ծառայության ստորաբաժանումների հաստիքների համալրում, ուսումնամարզական վարժահրապարակների կառուցում, նյութատեխնիկական բազայի համալրում, թարմացում, տեխնիկական վերազինում, արդիականացում, ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավում, տարբեր ձևաչափերով ներգրավում միջազգային փրկարարական եւ մարդասիրական նախաձեռնություններում, արտակարգ իրավիճակների կանխատեսման համար ծրագրերի, մոդելների, առաջացման դեպքում իրավիճակների գնահատման մոտեցումների մշակում, պետական կառավարման համակարգի մարմինների, համայնքների ղեկավարների պատրաստում ու բնակչության ուսուցում, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման եւ նպատակային օգտագործման ծրագրերի մշակում, պաշտպանական կառույցների ընդհանուր հաշվառում, պահպանության վիճակի մոնիթորինգի իրականացում, միջազգայնորեն ընդունված նորմերին ու չափորոշիչներին համահունչ տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող եւ կանոնակարգող իրավական ակտերի մշակում, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում գիտահետազոտական աշխատանքների իրականացում՝ փրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքերի եւ ժամանակակից ռոբոտային տեխնիկայի կիրառման ուղղությամբ,  «Լուսակերտ» ուսումնական բազայում գիտահետազոտական լաբորատորիաների ձեւավորում, աղետների ռիսկերի վերաբերյալ տվյալների ամբողջական, պարբերաբար թարմացվող բազայի ստեղծում, տարերային աղետներին դիմակայունության բարձրացում, սելավատարերի վերականգնում, նորերի կառուցում, բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներում գազածխապաշտպան ծառայության ստեղծում եւ զարգացում եւ այլն:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ