Գլխավոր Վերլուծություն Վայքում էլ է ստեղծվում «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»

Վայքում էլ է ստեղծվում «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»

411
Տարածել

Տեղեկացրել ենք, որ 10 կազմակերպության համատեղ ջանքերով Լոռու մարզի Ստեփանավանում ստեղծվելու է «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»:

Նման կենտրոն է ստեղծվելու նաեւ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում: Վայքի «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոնը» ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Աղետների ռիսկի նվազեզման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Ստեփանավանի Լոռէ փրկարար ջոկատի», Վայքի համայնքապետարանի համատեղ նախաձեռնությունն է: Առաջին երեքը ներգրավված են նաեւ Ստեփանավանի «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոնի» ստեղծման աշխատանքներում:

Ծրագիրն իրականացվում է ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով եւ Եվրահանձնաժողովի մարդասիրական  օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։

Թե Ստեփանավանի, թե Վայքի կենտրոնների նպատակները նույնն են: Կենտրոնները լինելու են ոչ միայն երիտասարդների ազատ ժամանակը արդյունավետ տնօրինելու եւ տարբեր ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ուսումասիրելու, գիտելիք հաղորդելու միջոց, այլ նաեւ՝ գիտափորձարարական լաբորատորիա, անվտանգության մշակույթի ձեւավորման եւ տարածման ռեսուրս կենտրոն:

Կենտրոնի ստեղծման հուշագրով հստակ սահմանված են կողմերի անելիքները: Օրինակ. Վայքի քաղաքապետարանը կենտրոնի համար տարածք կտրամադրի եւ կապահովի անվտանգությունը, «Լոռէ» ջոկատը կենտրոնի հրահանգիչների եւ սաների համար վերապատրաստման դասընթացներ կկազմակերպի, մասնավոր ընկերությունները կկազմակերպեն սեմինարներ եւ վարպետության դասեր, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գիտահետազոտական աշխատանքների միջոցով կմշակի ռոբոտացված սարքերի, մասնավորաբար՝ անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ-ների տեխնիկական առաջադրանքները եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ