Գլխավոր Միջոցառումներ Պատանիների սպորտային հանգիստը՝ Սեւանա լճում

Պատանիների սպորտային հանգիստը՝ Սեւանա լճում

861
Տարածել

Հուլիսի 25-ին եւ 26-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում անցկացվեց փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Սեւանա լճի գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցում էր մինչեւ 18 տարեկան շուրջ 200 մարզիկ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։

Ռուստամ Գրիգորյանը (44 կգ), Վահան Բուդաղյանը (48 կգ), Ջիվան Հովհաննիսյանը (52 կգ), Մելիք Բադոյանը (56 կգ), Ալբերտ Դադիկյանը (60 կգ), Նվեր Հովհաննիսյանը (67,5 կգ), Արշակ Հայրապետյանը (75 կգ), Լեոնարդ Մնացականյանը (82,5 կգ), Գառնիկ Բաբաքյոխվյանը (90 կգ), Հովսեփ Զալինյանը (100 կգ) եւ Գեւորգ Մնացականյանը (110 կգ+) հաղթող դարձան ձգում ծանրաձողով մրցաձեւում։ Նույն մրցաձեւի կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Աննա Ղազարյանը (48 կգ), Ալինա Սուքիասյանը(56 կգ), Լուսինե Հովհաննիսյանը (60 կգ), Վերոնիկա Տկաչենկոն (67,5 կգ), Արմինե Բաբայանը (75 կգ) եւ Դիանա Բարսեղյանը (100 կգ): Հաշմանդամություն ունեցող մարզիկներ Արսեն Առաքելյանը (36 կգ), Համլետ Հովսեփյանը (40 կգ), Գեւորգ Աֆրիկյանը (60 կգ), Հարություն Մխիթարյանը (67,5 կգ) եւ Գնել Սաֆարյանը (75 կգ) մրցեցին պառկած սեղմում դիրքից վարժությունում եւ դարձան առաջատար։ Առաջնությանը մասնակցում էր նաեւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Հարությունյանը, որը ռեկորդ սահմանեց։ Ընդհանուր առմամբ գրանցվեց 7 ռեկորդ: Ներկաների երաժշտական ժամանցն ապահովեց «Ալմաստ» մշակութային կենտրոնը՝ Աշուղ Ալմաստի գլխավորությամբ։

Մրցավարական կազմում ընդգրկված էր Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանը։ Բազմակի մեդալակիր մարզիկի համար սա առաջին մրցավարական «քննությունն» էր, որը նա բարեհաջող հաղթահարեց։ Մրցման ընթացքում աչքի ընկավ նաեւ նրա աշակերտը՝ վանաձորցի Նարեկ Հովսեփյանը, որը բրոնզե մեդալի արժանացավ 56 կգ քաշային կարգում։ Ի պատասխան հարցին՝ ինչպես է կարողանում համատեղել մարզչական աշխատանքը, անհատական պարապմունքներն ու փրկարարությունը, Զորիկը նշում է․ «Ամեն ինչին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել, երբեք չդադարել կատարելագործվել։ Նույնը սովորեցնում եմ աշակերտներիս, որոնք ծանրամարտ ու ուժային եռամարտով են զբաղվում։ Միայն ինքդ քո հանդեպ խստապահանջությամբ կարող ես հաջողության հասնել»։

Հիմնական ռեկորդներից զատ, գրանցվեց նաեւ հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդ՝ հաշմանդամություն ունեցող մարզիկը Գեւորգ Աֆրիկյանը բութ մատների վրա 42 վայրկյանում 40 անգամ կատարեց «Հրում հատակից» վարժությունը։ Սպորտային հարուստ կենսագրություն ունեցող Գեւորգը որոշել է  փրկարար դառնալ եւ ծառայել բնակչությանը։

Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքով՝ Սեւանա լճի գավաթի բաց առաջնությունը միջազգային արձագանք է ստացել, եւ  հնարավոր է՝ պատանիների ուժային սպորտի միջազգային միության (IPSU) 2020 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվի Հայաստանում։

Միջոցառման անվտանգությունը ապահովում էին Սեւանի հատուկ ջրափրկարարան ջոկատի ջրասուզակներն ու Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները