Գլխավոր Վերլուծություն Հունիսի արտակարգ դեպքերը

Հունիսի արտակարգ դեպքերը

632
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի հունիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հունիսին իրականացրել են 3836 ելք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակն աճել է 1538-ով: 2221 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 740՝ կենցաղային կանչ, 175՝ կեղծ ահազանգ, 700՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 38 մարդ (այդ թվում՝ 6 կին, 5 երեխա), տուժել՝ 1035 մարդ (այդ թվում՝ 312 կին եւ 168 երեխա): Փրկարարները 35 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի հունիսի համեմատ զոհվածների քանակն աճել է 8-ով, տուժածներինը՝ նվազել 20-ով: Ինչպես դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2019-ի հունիսին էլ, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 96,1 տոկոսը, հրդեհները, թունավորումներն ու ճանապարհատրանսպորտային պատահարներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 2055 ահազանգ (2018 թվականի հունիսին` 644 ահազանգ), որից հրդեհ գրանցվեց 1701 դեպքում (2018 թվականի հունիսին՝ 470 դեպք): Հրդեհներից տուժել է 7 մարդ:

Հունիս ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝1323 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 97 դեպք, առանձնատուն՝ 75, բնակելի շենք՝ 42, տնակ-ավտոտնակ՝ 34, անասնակեր՝ 5 եւ այլն: Գրանցվել է 155 կեղծ ահազանգ, 102 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 97 դեպքում՝ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Քաղաքներում գրանցվել է 1179 հրդեհ, գյուղերում՝ 522: Նախորդ տարվա հունիսի համեմատ քաղաքային հրդեհների թվաքանակն աճել է 853-ով, գյուղական հրդեհներինը՝ 378-ով:

Երեւանում գրանցվել է 873 հրդեհներից: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 203 հրդեհ, ամենաքիչը Գեղարքունիքը՝ 9 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Արմավիրի քաղաքները՝ 61 եւ Արարատի գյուղերը՝ 139, ամենաքիչը Գեղարքունիքի քաղաքները՝ 3 եւ գյուղերը՝ 6:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է 444 ՃՏՊ՝ 94-ով ավելի քան 2018-ի հունիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 30, տուժել՝ 583 մարդ: 2018 թվականի հունիս ամսվա համեմատ զոհվածների թվաքանակն աճել է 5-ով, տուժածներինը՝ 39-ով: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 229 դեպք, բախումներն են: 108 դեպք՝ մարդկանց վրաերթ, 48 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 59 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: 

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 422 թունավորում, զոհվել է 3, տուժել՝ 440 մարդ: 2018 թվականի հունիս ամսվա համեմատ թունավորումների քանակը նվազել է 54-ով, զոհերինը աճել մեկով, տուժածներինը՝ նվազել 66-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. 96 դեպք` ալկոհոլ, 95 դեպք` դեղորայք, 76 դեպք` քիմիական նյութերից, 27 դեպք` սննդամթերք, 9 դեպք` շմոլ գազ, 2 դեպք` բնական գազ, 117 դեպք՝ այլ աղբյուրներ: Երեւանում գրանցվել է 266 թունավորում: Մարզերից ամենաշատ թունավորումներ գրանցվել են Արմավիրում՝ 66, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ մեկ թունավորում:

Այլ դեպքեր

2019 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է 25 ուժեղ կարկուտ, 16 ուժեղ քամի, 10 փլուզում, վայրի կենդանիների 8 հարձակում, 4 պայթյուն, 4 տեղատարափ անձրեւ, 1 քարաթափում, 1 սողանք եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս