Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Պարգեւատրում՝ փրկարարներին

Պարգեւատրում՝ փրկարարներին

921
Տարածել

Վերջերս Երեւանի փրկարարական վարչության Արաբկիր բաժնի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը կանխել է մի երիտասարդի ինքնասպանության փորձը։ Վերջինս փրկարարների հետ երկար բանակցություններից հետո մտադրվել է ցած իջնել վերգետնյա անցմանը փակցված, մոտ 10 մետր բարձրության վրա գտնվող գովազդային վահանակի վրայից, սակայն սայթաքել։ «Վայրկյան տեւեց, բարեբախտաբար կարողացանք մի ձեռքից բռնել։ Տղային վեր բարձրացնելը դժվար էր, որոշեցինք պաստառը պատռել եւ ոտքերից ներս քաշել։ Նա մեզնից շատ էր ուզում փրկվել»,- մանրամասնեց Արաբկիր բաժնի պետ, փ/ծ մայոր Մարտին Գաբրիելյանը՝ հավելելով, որ ինքնասպանության դիմողների մեծ մասը վերջին պահին զղջում է իր արարքի համար, սակայն ելքը երբեմն ճակատագրական  է լինում։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ դեպքին մասնակցած բոլոր աշխատակիցներն արժանացել են խրախուսանքի։ Մասնավորապես՝ պատվոգրերով են պարգեւատրվել Արաբկիր բաժնի պետը, թիվ 5 ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Սեյրան Վիրաբյանը, ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Լեւոն Աբովյանը։ Օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արայիկ Առուստամյանին շնորհվել է «Անվեհեր փրկարար» մեդալ։  Իսկ ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Հարություն Մարտիրոսյանին, հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Արշակ Հակոբյանին եւ վարորդ, փ/ծ սերժանտ Հարություն Համբարձումյանին հայտարարվել է շնորհակալություն։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարտին Գաբրիելյանը