Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

650
Տարածել

2016 թվականի հուլիսի կեսին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, 2017-ի հուլիսի կեսին՝ 18 429, 2018 թվականի հուլիսին՝ 19 173, իսկ այս տարվա հուլիսի 15-ի դրությամբ՝  20 287 արտադրական վտանգավոր օբյեկտ: 2016 թվականի հուլիսի համեմատ ԱՎՕ-ների քանակն աճել է 12 տոկոսով, անցած տարվա հուլիսի համեմատ՝ 6 տոկոսով: Անցած ամիս Հայաստանում գրանցված էր 20 210 ԱՎՕ: Վերջին մեկ ամսում Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն  աճել է 0,3 տոկոսով:

Տարեսկզբից մինչեւ հուլիսի 15-ը Հայաստանում գրանցվել է 496 ԱՎՕ, որից մոտ 70-ը՝ վերելակ: Նաեւ ասֆալտի չորացման թմբուկային վառարան, կամրջակային կռունկ, քլոր պարունակող քիմիական նյութերի պահպանման տեղամաս, ճնշման տակ աշխատող անոթներ եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները,կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 30 տոկոսը (մոտ 7000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: