Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ուժեղացված հերթապահություն՝ Սեւանա լճում

Ուժեղացված հերթապահություն՝ Սեւանա լճում

2487
Տարածել

Ամառային լողասեզոնն սկսված է։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը երեք հանրային լողափերում մինչեւ սեպտեմբերի 1-ը կիրականացնի ուժեղացված հերթապահություն։ Եւս վեց ջրափրկարար Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից կապահովեն Շողակաթ համայնքի ափամերձ հատվածում հանգստացողների անվտանգությունը։

Սեւանի ՀՋՋ հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի հաղորդմամբ՝ հուլիսի 1-11-ը «Ժայռ» հանգստյան գոտում պաշտպանության նախարարությունն անցկացրել է պարապմունքներ Հնդկաստանում կայանալիք «Համաբանակային խաղեր -2019» մրցաշարին ընդառաջ, որի ժամանակ տարածքում հերթապահել է երկու ջրափրկարար։

Հուլիսի 14-ին նույն հանգստի գոտում նախատեսվում են հնգամարտի մրցումներ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ, իսկ հուլիսի 28- ից օգոստոսի 4-ը Նորաշենի արգելոցում կկայանա «Սեւան Ստարտափ Սամմիթ -2019» ֆորումը։ Միջոցառումների մասնակիցների անվտանգությունը վստահված է ջոկատի ջրափրկարարներին։

Սեւանա լճում հանգստացող արկածախնդիր քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելու եւ ջրային երթեւեկությունը կարգավորելու նպատակով շուրջօրյա կատարվում են մոտորանավակով շրջայցեր։ Այս տարի ջոկատի գույքը համալրվել է եւս մեկ արագընթաց մոտորանավակով, որը տրամադրել է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները