Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2037
Տարածել

Հուլիսի 3-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

Հուլիսի 6-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 36 կմ հարավ, 4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 8-ին Ռուսաստանում՝ Դերբենտ քաղաքից 78 կմ հարավ-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 4-ին 6,2 մագնիտուդով Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Շառլոտա թագուհու կղզիների տարածքում: Հուլիսի 4-ին եւ 6-ին 6,4 եւ 7,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Հարավային Կալիֆոռնիայում` Բեյկերսֆիլդ քաղաքից 142 կմ շառավղով սահմանափակված տարածքում, որոնց հետեւել են 4,0 եւ ավելի մագնիտուդով 64 երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով վնասվել են առանձին բնակելի շինություններ, բռնկվել հրդեհներ, զգալի վնաս են հասցրել ջրագծերին, գազատար խողովակներին եւ ենթակառուցվածքներին: Առնվազն 200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Երկրի մակերեւույթին առաջացել է ճեղքվածք: Հուլիսի 7-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու պրովինցիայի Տերնատե քաղաքից 140 կմ դեպի արեւմուտք, որին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ:

Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ, որի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ: Այն գրանցվել է հուլիսի 8-ին 5,7 մագնիտուդով Արեւմտյան Իրանում, Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արեւելք։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել 64 մարդ:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»