Գլխավոր Վերլուծություն ALTER ծրագիրն ընդլայնում է համագործակցությունը

ALTER ծրագիրն ընդլայնում է համագործակցությունը

571
Տարածել

Հունիսի 24-ին, 25-ին եւ 27-ին «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Սիսիան, Կապան եւ Լոռու մարզի Ախթալա համայնքներում անցկացվեցին «Ուժեղ երկրաշարժի եւ վերջինիս հետեւանքով ջրամբարի/պոչամբարի պատվարի փլուզման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։ Ծրագիրն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Աթենքի ազգային օբսերվատորիայի գեոդինամիկայի ինստիտուտի, Կիպրոսի եվրոպական համալսարանի ռիսկերի եւ գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոնի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիաի ազգային անվտանգության եւ պաշտպանության հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով։ Ուսումնավարժանքներին մասնակցում էին Սիսիանի, Կապանի եւ Ախթալայի համայնքապետարանների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման, Սյունիքի եւ Լոռու մարզային փրկարարական վարչությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչներ, ALTER ծրագրի արտասահմանցի գործընկերներ եւ այլք։

Սիսիանում եւ Կապանում մեկօրյա ուսումնավարժությունների նպատակն էր փորձարկել այս համայնքների աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանները՝ Սպանդարյանի եւ Գեղիի ջրամբարների պատվարների փլուզման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համատեքստում, հստակեցնել բոլոր դերակատարների անելիքներն ու ձեւավորել պետություն-մասնավոր հատված համագործակցություն։ Քննարկվեցին թիրախային համայնքներում՝ Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտան եւ Կապան, շահագրգիռ անձանց եւ պատասխանատուների լիազորություններն ու պարտականությունները, ԱՌԿ պլանով նախատեսված գործողությունները՝ բնակչության ազդարարում, իրազեկում, տարհանում, բնակչության պաշտպանությանն ուղղված այլ հրատապ միջոցառումներ, աղետներին պատրաստվածության եւ արձագանքման գործող մեխանիզմները՝ ներառյալ մասնավոր ընկերությունների (Որոտանի հիդրոէլեկտրակայինի ջրամբարների համակարգը շահագործող «ՔոնթուրԳլոբալ» ընկերությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը) հետ համագործակցությունը։ Դիտարկվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների, միջազգային եւ տեղական հումանիտար կազմակերպությունների հետ աշխատանքի մեխանիզմները ռիսկերի նվազեցման, աղետներին պատրաստվածության եւ արձագանքման, հետաղետային վերականգնման ուղղությամբ։

Մասնակիցներին ներկայացվեցին զեկույցներ Սիսիան եւ Կապան համայնքների ԱՌԿ պլանների, «Պատվարների փլուզման հետեւանքով առաջացած ջրհեղեղների բնութագրիչների մոդելավորումը՝ Որոտան կասկադի ջրամբարների, Գեղիի ջրամբարի եւ Գեղանուշի պոչամբարի օրինակներով» թեմաներով։ Վարժանքների ընթացքում խաղարկվեցին 15 միջանկյալներ, որոնց հաջորդեց բաց քննարկում։

Հունիսի 27-ին Ախթալա համայնքում անցկացված վարժանքի սցենարում «Նահատակ» պոչամբարի պատվարի փլուզումն էր։ Ի տարբերություն Սիսիանի եւ Կապանի՝ Ախթալան դեռեւս չունի ԱՌԿ համայնքային պլան։

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4 ժամանակահատվածում նշված երեք համայնքում կանցկացվի դաշտային ուսումնավարժանք: Պայմանավորվածության ձեռք բերվեց մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվող դաշտային վարժանքը մշակել Ախթալայի համայնքային ԱՌԿ պլան, ինչի հարցում կցուցաբերվի մասնագիտական աջակցություն։

Հրապարակման պատրաստեց ԱՆԻ Անտոնյանը