Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ամերիկացուն հանել են գետից

Փրկարարներն ամերիկացուն հանել են գետից

330
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 743 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 366 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 31 կեղծ կանչ:

Փրկարարները 164 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Կոտայքում, Արմավիրում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 25 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 42 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 18 դեպքում:

Այլ կանչեր. Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շաքիի ջրվեժի մոտակայքում քա­ղա­քացին գետում վնասել է ոտքը եւ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 29-ամյա ամերիկացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Գազի արտահոսքից բռնկված հրդեհի հրդեհաշիջում», «Հրդեհաշիջումը նախադպրոցական հաստատություններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջումը բենզալցակայաններում», «Մանկապարտեզի ճաշարանում բռնկված հրդեհի ժամանակ երեխաների տարահանում եւ հրդեհաշիջում», «Հրդեհաշիջումը հանրակացարանի սենյակում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ՏԻՄ-ում», «Հրդեհա­շիջումը հյուրանոցի խոհանոցում», «Հրդեհաշիջումը վարչական շենքերում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը պայթյունավտանգ օբյեկտներում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: