Գլխավոր Վերլուծություն «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ». Դասընթաց Շիրակում

«Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ». Դասընթաց Շիրակում

2735
Տարածել

Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները նոր ռազմավարություն են մշակել՝ աղետների դեպքում «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթի» տրամադրումը, որի կարեւոր բաղադրիչներից է վերարտադրողական առողջությունը։ Վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթը միջոցառումների համալիր է, որոնք անհրաժեշտ է տրամադրել լայնամաշտաբ արտակարգ իրավիճակների առաջին իսկ օրերից եւ պահպանել այդ ծառայությունների բավարար եւ հավասար մակարդակն այնքան ժամանակ, երբ արդեն հնարավոր կլինի ծավալել համակարգված եւ հստակ պլանավորված աշխատանքներ:

Փաթեթի մեջ ներառված հիմնարար ծառայությունների եւ իրավունքների մասին ազգաբնակչության իրազեկումը կարող է աղետի ժամանակ կյանքեր փրկել եւ կանխել հիվանդություններ։ Աղետների ժամանակ վերարտադրողական ոլորտի խնդիրների անտեսումը լի է վտանգներով՝ մայրական եւ նորածնային մահացություն, սեռական բռնություններ, ոչ անվտանգ աբորտներ, անցանկալի հղիություններ, ՄԻԱՎ եւ այլ սեռավարակների տարածում։

Այս ամենը կարեւորելով՝ «Աղետների ռիսկի նվազեզման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցությամբ «Սեռական եւ վերարտադրողական ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակում ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպվել է «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով 10 դասընթաց Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Արթիկ, Մարալիկ, Ամասիա եւ Աշոցք համայնքների հրշեջ-փրկարարների, բուժանձնակազմի համար: Դասընթացի նպատակն էր մասնագետներին փոխանցել համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու ցուցաբերել օգնություն արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես՝ հղիներին ու ծննդաբերող կանանց՝ դրանով իսկ նպաստելով մայրական ու նորածնային մահացության, հիվանդացության իջեցմանն ու կանխարգելմանը:

Դասընթացին մասնակցել է 274 մարդ, որոնցից 139-ը՝ տղամարդ, 135-ը` կին: Ներկայացվել են հետեւյալ զեկույցները՝ «Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում», «Միջազգային հիմնական հանձնարարականները ճգնաժամային իրավիճակներում՝ մոր եւ մանկան առողջության պահպանման համար», «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրումը», «ՄԻԱՎ-ի կանխարգելումը ճգնաժամային իրավիճակներում» եւ այլն։

Մասնակիցները քննարկել են աղետների ժամանակ վերարտադրողական առողջությանն առնչվող առաջին անհետաձգելի միջոցառումների իրականացման վերաբերյալ իրավիճակային տարբեր խնդիրներ, ցուցադրվել են ծննդաբերության վերաբերյալ տեսաֆիլմեր: Դասընթացի ավարտին բոլորը ստացել են վկայագրեր:

Շահագրգիռ կողմերին տրամադրվել են «Մաքուր ծննդաբերության հավաքածուներ», որոնց պատրաստման գործում ԱՌՆԱՊ հիմնադրամին աջակցել են կամավորները: Նմանատիպ դասընթացներ առաջին անգամ անցկացվել են 2017 թվականին՝ Սյունիքում եւ 2018 թվականին՝ Տավուշում:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ԱՌՆԱՊ հիմնադրամը