Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կունենանք «Շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգ»

Կունենանք «Շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգ»

2387
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը, պարտադիր գույքագրման տվյալների տեղեկանքի օրինակելի ձեւը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

Նախագիծը «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջն է: Ըստ օրենքի, շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի գույքագրումը դրանց փաստացի վիճակի արձանագրումն է եւ սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների սկզբնական փուլը: Այս գույքագրումն անհրաժեշտ է շենքերի եւ շինությունների հետազննություններ կատարելու, դրանց հուսալիության գնահատման եւ անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով:

Գույքագրման տվյալները պահվելու են շենքերի ու շինությունների տվյալների միասնական տեղեկատվական բազայում: Յուրաքանչյուր շենքի եւ շինության համար նշվելու է կառուցման տարեթիվը, ընդհանուր մակերեսը, հարկայնությունը, մուտքերի թիվը, բնակարանների (աշխատասենյակների) քանակը եւ այլն: