Գլխավոր Միջոցառումներ «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ»․ դրամա՝ նվիրված «911» ծառայության օպերատորներին

«ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ»․ դրամա՝ նվիրված «911» ծառայության օպերատորներին

2199
Տարածել

Ապրիլի 30-ից մայիսի 4-ը «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնի շրջանակում Աբովյանի դրամատիկական թատրոնը ներկայացրել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոպիեսը՝ բեմադրված դանիացի ռեժիսոր Գուստավ Մյոլլերի «Մեղավորը» ֆիլմի մոտիվներով։ Փառատոնից հետո ներկայացումը ներառվել է թատրոնի խաղացանկում: Անձնական դժբախտությունը ծանր աշխատանքով քողարկող «911» ծառայության օպերատորը հանգամանքների բերումով դառնում է մի ընտանեկան դրամայի մաս եւ մասնագիտական սառնասրտությունը կորցնելու պատճառով ճակատագրական սխալներ թույլ տալիս։

Դերասանուհի Լիանա Ավետիսյանի խոսքով՝ սցենարը գրեթե ամբողջությամբ պահպանվել է եւ հարմարեցվել հայ իրականությանը, փոխվել է միայն գլխավոր հերոսը, որն այս դեպքում կին է։ «Մանկությանս երազանքն էր ոստիկան դառնալ, այդ պատճառով դերն ինձ հետաքրքրեց։ Նախքան փորձերը շատ տեսանյութեր եմ դիտել, այս աշխատանքը սարսափելի մեծ պատասխանատվություն է պահանջում, եւ ենթադրում եմ՝ նաեւ պարտադիր բժշկական պատրաստվածություն։ «911» ծառայության աշխատակիցներն օգնեցին հասկանալ՝ ինչպես է համակարգն աշխատում, որ դեպքում ինչ ծառայություններ են ներգրավվում, այլ տեխնիկական հարցեր։ Հագուստը տրամադրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնը»,- պատմում է Լիանան։

Թեեւ բեմադրությունը մոնոներկայացման ժանրում է, սակայն 10-ից ավելի դերասան՝ Անի Քիթափազյանը, Արմեն Սարգսյանը, Սմբատ Ստեփանյանը, Նարինե Հովհաննիսյանը եւ այլք, ձայների միջոցով հանդիսատեսին հաղորդ են դարձնում կյանքի տարբեր իրավիճակների՝ թմրադեղ օգտագործողի անօգնականությանը, գիշերային արկածախնդրության փորձանքներին, ընտանեկան բռնության զոհ դարձած երեխայի ապրումներին։

Աբովյանի դրամատիկական թատրոնի ղեկավար, ռեժիսոր Արմեն Սարգսյանը նշում է՝ մենք պատկերացում անգամ չունենք՝ ինչ դժվարությունների միջով են անցնում ԱԻՆ օպերատորները, ոստիկանության եւ շտապօգնության կանչ գրանցող աշխատակիցները։ Եվ հենց մարդ փրկելու սցենարային «դրամատիկ գիծն» էր պատճառը, որ հայ հանդիսատեսը սիրեց ներկայացումը․ «Փորձում ենք համագործակցել Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, հուսով ենք՝ «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» պիեսը դեռ երկար կապրի եւ կշրջագայի Հայաստանում՝ մշակույթի միջոցով առաջին հերթին փրկարարներին իրենց աշխատանքը ցույց տալու եւ գնահատանքի արժանացնելու»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Սարգսյանը