Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում-2018». ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչություն

«Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում-2018». ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչություն

1304
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին «Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» է ճանաչվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունը։

Նախկին Խորհրդային միության, ապա՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրդեհային պաշտպանության վարչությունն այժմ գործում է փրկարարական ուժերի վարչություն անվանմամբ։ Վարչությունն ունի երեք բաժին՝ 17 աշխատակից։ Ենթակա ստորաբաժանումներն են Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնն ու «ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատը:

Վարչությունը կազմակերպում է հրդեհաշիջման, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարափրկարարական, հատուկ բարդության եւ մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքներ, համակարգում է փրկարար ուժերի գործունեությունը, աշխատում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների, հասարակական, կամավոր փրկարարական կազմավորումների հետ, արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ ղեկավարում է պետական, գերատեսչական փրկարարական ուժերի եւ հասարակական կազմավորումների գործողությունները, միջազգային պայմանագրերի համաձայն՝ կազմակերպում է հանրապետության փրկարար ուժերի մասնակցությունը միջազգային փրկարարական աշխատանքներին եւ այլն։

Փրկարար ուժերի համակարգման եւ որակավորման կազմակերպման բաժին

2013 թվականից ի վեր բաժինը կազմակերպել է Փրկարար ծառայության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ հասարակական, փրկարարական կազմավորումների 1133 ծառայողի համապատասխան փրկարարական կարգերի շնորհման գործընթացը: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ որակավորվել են 39 «Միջազգային», 50 «1-ին կարգի փրկարար», 49 «2-րդ կարգի փրկարար», 104 «3-րդ կարգի փրկարար», եւ 891 «փրկարար» դասի ծառայողներ եւ աշխատակիցներ։

Բաժինը համակարգում է նաեւ «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) արտաքին որակավորումն անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի եւ Շիրակի, Տավուշի, Լոռու ու Սյունիքի մարզերում ներքին որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմերի նախապատրաստումը, դաշտային վարժանքների անցկացումը։

Հրշեջփրկարարական պատրաստության բաժին

2018 թվականին բաժինը Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններում եւ փրկարարական կենտրոններում վերապատրաստման է գործուղել փրկարար ծառայության 69 ծառայողի։ Դասընթացները հետեւյալ թեմաներով էին՝ «Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում (կանխատեսումների եւ մոնիտորինգի կազմակերպում, տիեզերական մոնիտորինգ)», Խաղաղ եւ պատերազմական ժամանակաշրջանում արտակարգ իրավիճակների գոտում վթարափրկարարական եւ այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Նորարարական տեխնոլոգիաների ու հրդեհների մարման մեթոդների կիրառում եւ վթարափրկարարական աշխատանքների իրականացում», «Փրկարարների սկզբնական պատրաստություն», «Արդյունաբերական ալպինիզմ», «Լեռնափրկարարական պատրաստություն» եւ այլն:

Այս տարվա կարեւոր նախաձեռնություններից է Փրկարար ծառայության արձագանքման կարողությունների զարգացման եւ տեխնիկական վերազինման ծրագիրը, որը ներկայացվել է փոխվարչապետին։

Փրկարարական վարժանքների եւ փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժին

Բաժինը գործում է 2017 թվականից՝ կարեւորագույն օբյեկտների պահպանության նախկին բաժնի փոխարեն եւ հրդեհային պահպանության գործառույթներ է իրականացնում 11 կարեւորագույն օբյեկտում՝ 31 ծառայողով, կազմակերպում մրցաշարեր ՓԾ ստորաբաժանումների միջեւ եւ այլն:

2018 թվականին բաժինն ուսումնասիրել է ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվելիք թվով 265 հատուկ տակտիկական ուսումնավարժանքին առնչվող փաստաթղթերն ու ամփոփագրերը: Մեծ ուշադրության են արժանացել մանկապարտեզները, հատուկ դպրոցներն ու սահմանամերձ համայնքների կրթօջախները։

Փրկարարական վարժանքների եւ փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժինն ամեն տարի անցկացնում է մրցաշարեր ստորաբաժանումների միջեւ՝ շախմատ, սեղանի թենիս եւ վոլեյբոլ սպորտաձեւերում։ Լավագույն փրկարարները խրախուսվում են պատվոգրերով։

Բարի ավանդույթ է դարձել պատանի հրշեջ-փրկարարների առաջնությունը, որի արդյունքում ձեւավորվում է հավաքական թիմ՝ Բելառուսի Հանրապետությունում պատանի հրշեջների միջազգային հանդիպմանը մասնակցելու համար։

«ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատ

Ջոկատն ունի 91 աշխատակից: 2017 թվականին ջոկատի բոլոր ծառայողները եռօրյա ժամկետում ատոմակայանի ուսումնական վարժանքի կենտրոնում մասնակցել են հայկական ատոմակայանի ռադիացիոն անվտանգության վերաբերյալ դասընթացի: Տարեկան կտրվածքով ՀԱԵԿ-ում 10 անգամ անցկացվում են համակայանային վարժանքներ՝ ատոմակայանի աշխատակիցների հետ համատեղ, եւ 12 հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ հերթափոխի խմբերի մասնակցությամբ։

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ) ստեղծվել է Հատուկ փրկարարական ջոկատի հիմքի վրա, որը նախկինում կոչվում էր Արագ արձագանքման փրկարարական ջոկատ: Այն առաջին պետական փրկարարական կազմավորումն է, գործում էր 1997 թվականի սեպտեմբերի 4-ից:

Այսօր ՀՆՓԱԻԿ-ը առանձին բարդության փրկարարական աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում է՝ համալրված փրկարարներով, նորագույն սարքավորումներով եւ մեխանիզմներով: Իրականացնում է արտակարգ իրավիճակներում վթարափրկարարական աշխատանքներ, առօրյա պայմաններում մասնագիտացված օգնություն ցուցաբերում։ Բացի դրանից՝ կենտրոնի խնդիրներն են աղետի գոտում ընդհանուր եւ մասնագիտացված հետախուզության իրականացումը, աղետի գոտուց տուժածների եւ նյութական արժեքների տարհանումը, ջրհեղեղների, մետրոպոլիտենի եւ երկաթուղու վթարների, ավտոտրանսպորտային պատահարների դեպքում փրկարարական եւ լեռնափրկարարական աշխատանքների իրականացումը եւ այլն։

ՀՆՓԱԻԿ-ում ներկայումս 87 ծառայող կա, որոնք ընգրկված են 4 փրկարարական, 1 հետախույզ-կինոլոգիական, 1 ջրասուզական ջոկատներում, անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խմբում եւ մոտոցիկլավարների օղակում։

Կենտրոնի փրկարարները մասնակցել են տասնյակ միջազգային վարժանքների եւ միջազգային փրկարարական գործողությունների՝ Թուրքիայի երկրաշարժ (1999թ. նոյեմբեր), Իրանի երկրաշարժ (2003թ. դեկտեմբեր), ՌԴ, ք.Սոչի, օդային աղետ (2006թ. մարտ), Վրաստանում բռնկված անտառային հրդեհներ (2017թ. օգոստոս):

Միայն 2018 թվականին ՀՆՓԱԻԿ փրկարարները վերապատրաստվել են Մոսկվայի ԱԻ ՔՊ ակադեմիայում, Սանկտ-Պետերբուրգի ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության համալսարանում, ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ որոնողափրկարարական ջոկատում, Ավստրիայի Հանրապետությունում եւ այլուր, մասնակցել ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժությանն ու ՆԱՏՕ-ի աղետների արձագանքման Եվրատլանտյան համակարգման կենտրոնի եւ Սերբիայի կողմից համատեղ կազմակերպվող «Սերբիա-2018» աղետների հետեւանքների կառավարման վարժանքին։

2018 թվականին դժվարին փրկարարական աշխատանքներից հիշատակման է արժանի հունվարի 28-ին Արայի լեռան վրա դժբախտ պատահարը, որի արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է մեկ լեռնագնացի դի, եւս երկու տուժած ստացել են առաջին օգնություն եւ տեղափոխվել անվտանգ վայր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Արիության համաստեղություն-2018» մրցույթի այլ հաղթողներ.

 

«Լավագույն հերթափոխի պետ-2018»․ Արա Մեսրոպյան

«Լավագույն փրկարար-2018»․ Կարեն Ավետիսյան

«Լավագույն լեռնափրկարար-2018»․ Պողոս Հակոբյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2018». Մարատ Միրզոյան