Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ճապոնական մեքենաներն արդեն աշխատանքի մեջ են

Ճապոնական մեքենաներն արդեն աշխատանքի մեջ են

2114
Տարածել

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) 2019 թվականին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա։ Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներն արդեն իսկ ստացել են 14 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք եւ 1 կարգավար։ Եվս 26 միավոր տեխնիկա տարվա ընթացքում կժամանի Հայաստան։ Ծրագրի շրջանակում ճապոնացի մասնագետները վերապատրաստել են 42 փրկարարի՝ վարորդ-մեխանիկից մինչեւ ջոկատի հրամանատար: Բոլոր մեքենաներն այժմ մարտական հաշվարկում են։

Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արգամ Հակոբյանի փոխանցմամբ՝ «Իսուզու» մակնիշի ավտոբաք-ամենագնացները տեխնիկական լայն հնարավորություններ ունեն՝ 3,5 տոննա տարողություն, ժամանակակից ձայնային եւ լուսային տվիչներ, 30 փողրակ՝ 600 մետր ընդհանուր երկարությամբ, թեթեւ քաշով եռածունկ աստիճաններ։

Առկա է գույք-հանդերձանքի համալիր՝ 6 հոգու մարտական հագուստ, հիդրավլիկ մեծ եւ մեխանիկական փոքր մկրատներ, երկաթբետոն կտրելու համար նախատեսված մոտոսղոց, գեներատոր, հզոր լուսարձակներ, կապի միջոցներ, նորագույն շնչադիմակներ եւ այլն։ Մեքենաները դիմակայուն են լեռնային բարդ պայմաններում աշխատանքներ կատարելու համար։ Փողրակների միացման գլխիկները հարմարեցվել են Հայաստանի հիդրանտներին, որպեսզի խափանվելու դեպքում հնարավոր լինի դրանք փոխարինել։

«Ճապոնացի մասնագետներն իրենց գործի իսկական գիտակ էին, փորձում էին ամեն մանրուք մեզ սովորեցնել։ Ամենից շատ զարմացել էին, թե ինչպես ենք ռիսկի դիմում բնական գազով աշխատող մեքենա վարել։ Որպեսզի հաղորդակցությունն ավելի հեշտ լինի, իրենց հայկական անուններ էին ընտրել։ 20-օրյա վերապատրաստման ընթացքում մենք նրանց մշակույթին ծանոթացանք, նրանք՝ մերին»,- ժպիտով ամփոփեց Արգամ Հակոբյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ