Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հեռացրել են նկուղների ջուրը

Փրկարարները հեռացրել են նկուղների ջուրը

1334
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 761 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 384 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ կանչ:

Փրկարարները 160 կենցաղային կանչ են ստացել, որից 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 16 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 84 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 39 դեպքում:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ «Երեւանյան» լճի մոտակայքում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, խոշոր եղջերավոր անասունն ընկել է ջուրը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարաները դուրս են բերել խոշոր եղջերավոր անասունին եւ հանձնել տիրոջը: Նման կանչ է սպասարկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում: Այստեղ էլ կովն ընկել է ջրանցքը, հրշեջ-փրկարարները կովին անվնաս դուրս են բերել եւ հանձնել տիրոջը: Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, թե Ջրաշեն համայքում տեղացած առատ անձրեւից հետո ջրալցվել են երկու տան նկուղները: Հրշեջ-փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից: Նույն մարզում ահազանգ է ստացվել, թե Ձորագետի կիրճում նավակը վնասվել է, քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել կիրճից եւ տեղափոխել Ստեփանավան քաղաք:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տա­ր­­հանման աշխատանքների իրականացումը հյուրանոցային համալիրում», «Խոշոր դաշտային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում եւ իրականացում», «Ուժեղ երկրաշարժի առաջացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմա­կերպումը», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Հրդեհաշիջումը բժշկական կենտրոնի ռենտգեն կաբինետում», «Հրդեհաշիջումը գազալցակայաններում», «Հրդեհի մարումը մանկապարտեզի շենքում» «Հրդեհաշիջումը եւ տարհանումը պոլիկլինիկայում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: