Գլխավոր Վերլուծություն Շիրակի մարզ․ սելավատարերի անվտանգությունը՝ առաջնային խնդիր

Շիրակի մարզ․ սելավատարերի անվտանգությունը՝ առաջնային խնդիր

2423
Տարածել

Շիրակի մարզային փրկարարական ստորաբաժանումներն ամփոփեցին մայիսին կատարված աշխատանքը։ Շիրակի մարզպետարանի, մարզային ծառայությունների, մարզային տարհանման հանձնաժողովի, Գյումրու քաղաքապետարանի եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացվել է «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարհանված բնակչության ընդունման եւ տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ըստ սցենարի՝ Հայկական ատոմակայանի ռեակտորի հովացման համակարգում առաջացել է ջրի արտահոսք, որն արագ աճում է: Ձախողվում է թողարկել կայանի վթարային սնուցման դիզելային գեներատորը եւ հայտարարվում է ՀԱԷԿ-ում տեղի ունեցած նախագծային վթարի մասին։ Անհրաժեշտ է տարհանել Արմավիր քաղաքի բնակչությանը եւ ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրի քաղաքում: Տարհանումն իրականացվում է 5 էլեկտրագնացքով՝ յուրաքանչյուրը բաղկացած 6 վագոնից՝ 100 մարդ հաշվարկով, 6 ժամը մեկ տարհանման աշխատանքներ կատարելու հնարավորությամբ։ Տարհանված բնակչությանն ընդունելու համար Գյումրու երկաթգծի կայարանում ծավալվում է ընդունման հավաքակետ, որտեղ ժամանած բնակչությանը հաշվառելուց հետո իրականացվում է մարդկանց տեղափոխում ժամանակավոր կացարաններ՝ 38 դպրոց, 6 բուհ, 4 քոլեջ, 5 մարզադպրոց, 3 երաժշտական դպրոց, 2 մշակույթի տուն, 6 հյուրանոց։ Ժամանակավոր կացարաններում կազմակերպվում է բնակչության սննդով եւ առաջին անհրաժեշտության իրերով ապահովումը:

Ուսումնավարժության ընթացքում կողմերը քննարկել են փոխհամագործակցության, տարհանված բնակչության կենսաապահովման կազմակերպման եւ այլ հարցեր։

Ամասիա համայնքի Հովտուն, Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրերում, Հոռոմ եւ Արփի համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։ Ներկա են եղել համայնքի ղեկավար կազմը, տվյալ տարածքը սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչներ։

Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Մարտին Մկոյանի խոսքով՝ վտանգ է սպառնում հիմնականում Արթիկի տարածաշրջանի համայնքներին՝ Փանիկ, Անուշավան, Վարդաքար եւ այլն, որոնց տարածքում սելավատարերում ջրի մակարդակը էապես բարձրանում է հալոցքի ժամանակ։ Վատ վիճակում են նաեւ Գյումրի քաղաքի սելավատարերը։

Բնակչության պաշտպանության բաժնի մասնագետները վերլուծել են գարնանային վարարումների ժամանակահատվածում ջրամբարներում ջրի մակարդակի տեղեկություններն ու առաջարկել հրատապ կանխարգելիչ միջոցներ։

Ամիսն ամփոփվել է Գյումրիում տեղի ունեցած երկօրյա վարժանքով, որին մասնակցել են փրկարար ծառայության, ՀՀ զինված ուժերի, Հայաստանում տեղակայված ՌԴ Սահմանապահ զորքերի, ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ծառայողներ, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ