Գլխավոր Վերլուծություն Հայաստանում ջրահեղձումների եւ օձերի խայթոցների դեպքերը նվազել են

Հայաստանում ջրահեղձումների եւ օձերի խայթոցների դեպքերը նվազել են

2043
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր հրապարակել է տարեսկզբից մինչ հունիսի 10-ը հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում ջրահեղձումից զոհվել է 5 մարդ: 2016 թվականից արձանագրվում է ջրահեղձումների եւ դրանից զոհերի քանակի նվազում. 2016-ին գրանցվել էր 22 ջրահեղձում, զոհվել էր 21 մարդ:

Գրանցվել է 2097 թունավորում, զոհվել է 18, տուժել՝ 2341 մարդ: 2018 թվականի հունիսի 10-ի դրությամբ գրանցվել էր 1705 թունավորում, զոհվել էր 14, տուժել՝ 1876 մարդ: 2017 թվականի հունիսի 10-ի դրությամբ՝ 1701 դեպք, 25 զոհ, 2107 տուժած: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ, սննդամթերք, դեղորայք, քիմիական նյութեր, շմոլ գազ, բնական գազ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 2384 հրդեհ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 1314 հրդեհ, 2017-ին՝ 1658, 2016-ին՝ 1180 հրդեհ: Կրակի բաժին են դարձել բուսածածկ տարածքներ, աղբ, առանձնատներ, բնակելի շենքեր, տրանսպորտային միջոցներ, անասնակեր եւ այլն:

Գրանցվել է օձերի խայթոցների 32 դեպք, զոհեր չկան, տուժել է 32 մարդ: 2017 թվականից արձանագրվում է օձերի խայթոցների դեպքերի եւ դրանից տուժածների քանակի նվազում. 2017-ին գրանցվել էր 124 խայթոց, զոհվել էր 2, տուժել՝ 122 մարդ:

Հովհաննես Խանգելդյանը ներկայացրել է նաեւ օձեր տեսնելիս ճիշտ քայլերը:

Օձերը առավել վտանգավոր են ապրիլ-հունիս ժամանակահատվածում՝ նրանց զուգավորման եւ բազմացման շրջանն է: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծ է բնության մեջ՝ լեռներ, դաշտեր: Եթե օձը տուն է մտել, ապա պետք չէ փակել նրա նահանջի ճանապարհները եւ նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել եւ զանգահարել 911: