Գլխավոր Միջոցառումներ Մանկապարտեզների հակահրդեհային անվտանգությունը՝ օրակարգային խնդիր

Մանկապարտեզների հակահրդեհային անվտանգությունը՝ օրակարգային խնդիր

2343
Տարածել

Երեւանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեով նախատեսվում է 150 միլիոն դրամ հատկացնել մանկապարտեզներում հակահրդեհային ազդանշանային համակարգերի ներդրմանը։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ներկայումս պատրաստվում են մրցութային փաթեթները, կազմվում է նախահաշիվ, որից հետո կմեկնարկեն բուն աշխատանքները: Ծառայությունների շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մանկապարտեզում համակարգի ներդրումը կարժենա մոտ 1 միլիոն դրամ: Ֆինանսական միջոցները չբավականացնելու դեպքում բյուջեից հատկացումները կշարունակվեն հաջորդ տարի։

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկն ապահովված չէ հակահրդեհային համակարգով։ Առկա են միայն առաջնային հրդեհաշիջման միջոցներ՝ կրակմարիչներ, որոնց կիրառության հմտություններին քիչ թվով մարդիկ են տիրապետում։ Ծխի առկայության դեպքում ազդանշանային համակարգն ավտոմատ կերպով ահազանգ է փոխանցելու Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Նման ծրագիր իրականացվում է առաջին անգամ։ Գործնական քայլերին կտեղեկացնենք առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ