Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

2151
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 782 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 409 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 53 կեղծ կանչ:

Փրկարարները 164 կենցաղային կանչ են ստացել, որից 120-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում եւ Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 16 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 85 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 45 դեպքում:

Այլ կանչեր. Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացին մոլորվել է «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու մատույցներում: Հրշեջ-փրկարարները գտել են մոլորված 26 եւ 21-ամյա տղաներին եւ ուղեկցել «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու տարածք:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Փլուզված շենքում որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրակա­նացում», «Հրդեհաշիջումը գիշերօթիկ հաստատութ­յուններում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Հրդեհաշիջումը ՀԱԷԿ-ի փայտամշակման արտադրամասում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: