Գլխավոր ՀՀ ԱԻՆ Լեռնային պատրաստություն. Փրկարարների վերապատրաստում Ռուսաստանում

Լեռնային պատրաստություն. Փրկարարների վերապատրաստում Ռուսաստանում

2176
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն:

Մայիսի 13-30-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման նախարարության «Կրասնոյա Պոլյանա» ուսումնական կենտրոնում «Լեռնային պատրաստություն» թեմայով դասընթացի է մասնակցել 10 փրկարար ծառայող՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ ջոկատի լեռնափրկարարներ Ռոման Խաչատրյանը, Արգամ Հարոյանը եւ Արման Ազարյանը, 17-րդ ջոկատից՝ Կառլեն Հովհաննիսյանը, 15-րդ ջոկատից՝ Արթուր Սարգսյանը, Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար Արտակ Բեյբությանը, Արտաշատի ՀՓՋ ավագ հրշեջ- լեռնափրկարար Խորեն Գեղամյանը, Գավառի ՀՓՋ ավագ հրշեջ-լեռնափրկարար Արտակ Հակոբյանը, Հրազդանի ՀՓՋ օղակի հրամանատար Սեւակ Ավետիսյանը եւ Կապանի ՀՓՋ խմբի պետ Աբել Վարդանյանը։

Խմբի ավագ, փ/ծ կապիտան Արթուր Սարգսյանի խոսքով՝ տեղի բնությունը լեռնափրկարարության համար հրաշալի պայմաններ է ընձեռում՝ ուսումնական կենտրոնին հարակից Այիբգայի լեռնաշղթան՝ 2509 մետր բարձրությամբ «Կամեննիյ ստոլբ» լեռնագագաթով, Գլխավոր կովկասյան լեռնաշղթայի ջրբաժան գյուղաքաղաքը, որտեղ տեսանելի են սառցե դարաշրջանից մնացած վիթխարի սառցաբեկորի հետքերը, Մզիմտու գետը՝ իր վտակներով, խիտ անտառները։

Դասընթացի առաջին օրը մասնակիցները 30 կիլոմետր երկարությամբ երթուղուց առաջ ֆիզպատրաստության քննություն են հանձնել։ «Լսարանային պարապմունքներ ունեցանք լեռնային պայմաններում փրկարարի անվտանգության եւ առաջին օգնության վերաբերյալ։ Մյուս օրերն անցկացրել ենք սարերում։ Չորս օր ճանապարհին էինք՝ յուրաքանչյուրիս ուսին 20 կգ քաշով գույք-հանդերձանք»,- մանրամասնեց Արթուրը։

Ռուս հրահանգիչների վերահսկողությամբ խումբն իրականացրել է ժայռամագլցում, վարար գետով գետնանց եւ տուժածի պատգարակում, անտառում զառիթափերի եւ իջվածքների հաղթահարում, պարանային աշխատանքներ։ Փրկարարները տպավորված էին հատկապես տարբեր բարդության ժայռերով, որոնք հաղթահարելու համար ստիպված են եղել մոտ 600-700 մետր հորիզոնական եւ ուղղահայաց շարժվել, պաշտպանվել քարաթափումներից, նեղ պայմաններում հենման կետ գտնել։ Իսկ անտառներում բազմաթիվ սողունների եւ գիշատիչների են հանդիպել։ «Տարբեր օձեր կային, զարմանալի է, որ նույնիսկ ձյունոտ լեռան լանջերին նրանք ակտիվ տեղաշարժվում են։ Մեզ խորհուրդ տվեցին զգուշանալ հատկապես թունավոր սնկերից եւ թփերից։ Անտառային պայմաններում աշխատելիս առաջինը, ինչ պետք է ունենաս, դեղատուփն ու կողմնացույցն են»,- նշեց խմբի ղեկավարը՝ հավելելով, որ դասընթացից հետո սկսել են ուշադրություն դարձնել մարդու անվտանգությանը սպառնացող ամեն մանրուքի։ Ստացված գիտելիքը կկիրառվի Հայաստանի բարդ ռելիեֆային պայմաններում փրկարարական աշխատանքների ճիշտ կազմակերպման համար։

Մասնակիցների վրանային արշավի լավագույն հիշողություններից են ժայռային երթուղու նախագծող Սերգեյի հետ ծանոթությունը, արջի եւ իր քոթոթի հետ գիշերային հանդիպումը, մի սեղանի շուրջ կիսած հայկական «թեյը»՝ կոնյակը։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները վկայականներ են ստացել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Ռուսաստանում կազմակերպված այլ վերապատրաստումներ.

Հակաճգնաժամային կառավարում

Արդյունաբերական լեռնագնացություն