Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հմտանում են առաջին օգնության գործում

Փրկարարները հմտանում են առաջին օգնության գործում

2762
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությունը տարիների պատմություն ունի: Երկու կողմերի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրով կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել առաջին օգնության մասնագետներ պատրաստելու հարցում, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում:

Մայիսի վերջին «Առաջին օգնության հիմունքներ» թեմայով եռօրյա դասընթացի շրջանակում վերապատրաստել է Տավուշի մարզային փրկարարական վարչության 17 փրկարար ծառայող: Վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանի խոսքով՝ ընդգրկվել են հերթափոխի եւ խմբի պետերը, որոնք հետագայում իրենց գիտելիքը պետք է փոխանցեն ջոկատի մյուս անդամներին:

Գործնական մասում մասնակիցներին ցուցադրվել են կոտրվածքների, բաց արյունահոսության եւ այլ արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ: Վահան Փիրումյանը դասընթացը փորձի փոխանակում համարեց, քանի որ փրկարարներն ավելի հաճախ են ականատես լինում ճանապարհատրանսպորտային պատահարների, ավելի կոփված են:

Դասընթացն ավարտվել է ստուգարքով, բոլորը ստացել են հավաստագրեր:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունը