Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Ռեսպոնդրոն». Հայաստանը ներկայացված է աշխատանքային 15 խմբից 12-ում

«Ռեսպոնդրոն». Հայաստանը ներկայացված է աշխատանքային 15 խմբից 12-ում

2207
Տարածել

Մայիսի 20-22-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» միջազգային համաժողովին մասնակցում էր 12 երկրի 20 կազմակերպություն, այդ թվում՝ Հայաստանի արտակարգ իրավիճակիների նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը: Եռամյա այս ծրագրի իրականացման համար Եվրոպական միությունն ու Հարավային Կորեայի կառավարությունը տրամադրել են 8,3 միլիոն եվրո դրամաշնորհ: Մասնակից երկրները ձեւավորել են «Ռեսպոնդրոն» կոնսորցիում (անգլերեն response՝ արձագանքում եւ drone՝ անօդաչու թռչող սարք՝ ԱԹՍ բառերից):

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանի խոսքով, Հայաստանը այս դրամաշնորհային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 2018-ի օգոստոսին: Անօդաչու թռչող սարքերը՝ ԱԹՍ-ները, վաղուց են մտել մեր կյանք եւ լայն կիրառում ունեն՝ հարսանիքների նկարահանումից մինչեւ ռազմական խնդիրների լուծում: Արտակարգ իրավիճակներում, ճգնաժամային կառավարման ոլորտում ԱԹՍ-ների կիրառումը համեմատաբար նոր ուղղություն է: Արտակարգ իրավիճակների ժամանակ ԱԹՍ-ները կարող են բարձր, անհասանելի վայրերում տեսանկարահանել, տեղեկություններ հավաքել: Նաեւ կիրառվել արձագանքման, մշտադիտարկման, գնահատման գործողություններում: Հայաստանն այս ուղղությունը զարգացնելու համար համագործակցում է Ճապոնիայի եւ Ռուսաստանի հետ: «Ռեսպոնդրոնի» առանձնահատկությունն այն է, որ խնդիր է դրված մշակել մի ծրագիր, որի միջոցով մեկ օպերատորը կղեկավարի 14-20 ԱԹՍ, որոնք կարող են աշխատել թե նախապես տրված ծրագրով՝ օրինակ տեսանկարահանել, թե ըստ անհրաժեշտության այլ խնդիրներ լուծել: «Մեկ կետից կառավարումը դյուրացնում է կազմակերպչական հարցերը, ողջ տեղեկությունը միանգամից հավաքվում է մեկ շտեմարանում, որն առ-ցանց հասանելի է որոշում կայացնողներին՝ օրինակ փրկարար ծառայության ղեկավարությանը: Երեք տարում մշակվելու է «Համակարգերի համակարգ» ծրագիր, որը հնարավորություն է տալիս տեղեկությունը ստանալ, մշակել եւ արտապատկերել այնպիսի ձեւաչափով, որ լինի առավալագույնս կիրառելի եւ թույլ տա արագ որոշում կայացնել», — տեղեկացրեց Արմինե Հայրապետյանը:

Սկզբում առաջարկվել է «Ռեսպոնդրոն»  ծրագրի երկու ուղղություն՝ անտառային հրդեհներ եւ ջրհեղեղներ: Հայաստանի պատվիրակներն առաջարկել են ավելի բարդ խնդիրներ՝ բարդ աղետներ, ներառել: Օրինակ՝ երկրաշարժ, որին հաջորդել են հրդեհներ կամ ջրամբարի պատվարի փլուզում եւ ջրհեղեղ, ակտիվացել են սողանքներ եւ այլն: Առաջարկն ընդունվել է:

«Ռեսպոնդրոն» ծրագրի ղեկավար կազմակերպությունը գերմանական ավիատիեզերական կենտրոնն է: Ներգրավված են՝ Իսրայելի ավիատիեզերական ընկերությունը, ուղղաթիռային տիպի ԱԹՍ-ներ արտադրող իսպանական ԱԼՖԱ ընկերությունը, Հարավային Կորեայի, Իտալիայի առաջատար ծրագրավորող ընկերությունները, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լատվիայի փրկարարները:

Մինչեւ այս տարեվերջ կհստակեցվեն առաջին արձագանքողների կարիքները: Հայաստանը ներկայացված է խնդիր առաջադրող, փորձարկող, գնահատող եւ արդյունքներն ամփոփող խմբերում: Մադրիդում ձեւավորվել է 15 աշխատանքային խումբ, Հայաստանը ներկայացված է 12-ում:

Աղետների ռիսկի նվազեզման թեմայով միջազգային տարբեր համաժողովներում երկրները ներկայացնում են իրենց ձեռքբերումները, «Ռեսպոնդրոնը» փորձի փոխանակման, լուծումներ գտնելու եւս մեկ հարթակ կլինի: Այսպիսի ծրագրերին մասնակցությունը ոչ միայն արտաքին աշխարհում երեւալու շանս է, այլ  նաեւ՝ ԱՌՆ ոլորտում քո հաջողությունը ներկայացնելու, մշակվող ծրագրերում մասնակցություն ունենալու հնարավորություն, կարծում է Արմինե Հայրապետյանը:

Ծրագրի շրջանակներում լինելու են այցեր մասնակից երկրներ, մեր մասնագետների վերապատրաստում արտերկրում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ