Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները նկուղից 50 տոննա ջուր են հեռացրել

Փրկարարները նկուղից 50 տոննա ջուր են հեռացրել

2163
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 542 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 248 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 30 կեղծ կանչ:

Փրկարարները 138 կենցաղային կանչ են ստացել, որից 80-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Ավան վարչական շրջաններում եւ Սյունիքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 1 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 1 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 47 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 20 դեպքում:

Այլ կանչեր. Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Խաղաղ Դոն փողոցի բակերից մեկում պարկ կա, որի վրա առկա են արյան հետքեր, իսկ ներսում որդեր կան: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ պարկի մեջ շան լեշ է: Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աբելյան փողոցի շենքերից մեկի մի բնակչի մատանին դուրս չի գալիս մատից: Փրկարարները մատանին դուրս են բերել 60-ամյա կնոջ մատից: Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նորագավիթ 3-րդ փողոցում առուն խցանվել է, ինչից ջրալցվել է տան նկուղը, ջուրը քաշելու համար անհրաժեշտ է օգնություն: Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր։

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարահանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթ­յունավտանգ օբյեկտում», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառում­նե­րի կազմակերպումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում», «Գազի արտահոսք հրդեհի բռնկում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում հետեւանքների վերացումը» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ:

Հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ԱԻՆ փրկարար ծառայության մայրաքաղաքի եւ մարզային ստորաբաժանումները տեխնիկայի ցուցադրություն են կազմակերպել եւ հերթապահել Երեւան, Քաջարան, Սիսիան, Վեդի, Արմավիր, Գյումրի, Մեղրի, Սեւան, Գորիս, Արտաշատ, Վայք, Չարենցավան, Աշոցք, Ծաղկահովիտ, Թալին, Արթիկ, Եղվարդ, Ախուրյան, Ապարան, Գավառ, Աշտարակ, Մարտունի, Աբովյան, Կապան, Հրազդան, Մասիս, Ջերմուկ, Եղեգնաձոր համայնքներում: