Գլխավոր ՀՀ ԱԻՆ Վարժանքի արդյունքները գոհացուցիչ էին

Վարժանքի արդյունքները գոհացուցիչ էին

2163
Տարածել

Մայիսի 30-ին եւ 31-ին Շիրակի մարզի Ախուրյան քաղաքում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում հետեւանքների վերացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք: Վարժանքին մասնակցել են Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը, ՀՀ Զինված ուժերի, Հայաստանում տեղակայված ռուսական զորախմբի զինծառայողները, Միավորված ազգերի կազմակերպության աղետների արձագանքման ազգային թիմի, Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչները:

Վարժանքի ղեկավարի տեղակալ, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանի խոսքով, վարժանքի սցենարի համաձայն, Գառնիում տեղի է ունեցել 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժ, կան ավերածություններ եւ մարդկային զոհեր: Վարժանքի գործնական աշխատանքների համար նախատեսված տեղամասերից մեկում մեկ հարկանի փլուզված շինություն է՝ արտադրամաս, որի նկուղի ելքերն արգելափակվել են, 16 աշխատակցից 10-ը կարողացել են ինքնուրույն դուրս գալ, վեց մարդ համարվում է անհետ կորած:

Նախքան աղետի գոտի մտնելը իրականացվեց քիմիական, ճառագայթային, մանրէաբանական, ռադիոակտիվ հետախուզում: Փրկարարները ծնկաձեւ ավտոամբարձիչի միջոցով մարեցին հրդեհը եւ անցան որոնողափրկարարական աշխատանքների: Կատարվեց ֆիզիկական որոնում, տեխնիկական որոնում հատուկ տեսողական եւ լսողական սարքերի միջոցով, հայտնաբերվեցին տուժածներ, որոնց փլատակներից դուրս բերելու համար օգտագործվեցին գրեթե բոլոր տեսակի գործիքները՝ հիդրավլիկ, պնեւմատիկ, էլեկտրական, ներքին այրման շարժիչով, մեխանիկական եւ այլն: Փրկարարներն իրականացրեցին հետեւյալ գործողությունները. հորիզոնական մաքուր կտրում, բետոնե սյան տեղաշարժում, երկաթբետոնե կառուցատարի քանդում, մետաղական կառուցատարի քանդում, երկաթբետոնե կառուցատարի բարձրացում, ճաղավոր ամրակապում:

Հայտնաբերված տուժածները նախ տեղափոխվեցին տեսակավորման բուժկետ եւ առաջին օգնություն ստանալուց հետո շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցինբ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Վարժանքի ղեկավարությունը գոհ էր արդյունքներից: