Գլխավոր Վերլուծություն Ապրիլի արտակարգ դեպքերը

Ապրիլի արտակարգ դեպքերը

2099
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները ապրիլին իրականացրել են 1400 ելք՝ 76-ով ավելի քան 2018-ի ապրիլին: 567 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 515՝ կենցաղային կանչ, 207՝ այլ դեպք, 111՝ կեղծ ահազանգ: Արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 94,8 տոկոս հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Արտակարգ դեպքերից զոհվել է 24 մարդ (այդ թվում՝ 8 կին), տուժել՝ 974 մարդ (այդ թվում՝ 263 կին եւ 155 երեխա): Փրկարարները 22 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի ապրիլի համեմատ զոհերի քանակը նվազել է 8-ով, տուժածներինը՝ աճել 119-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 446 ահազանգ (2018 թվականի ապրիլին՝ 358 ահազանգ), որից հրդեհ գրանցվեց 313 դեպքում (2018 թվականի ապրիլին՝ 231 դեպք): 67 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2018 թվականի ապրիլին՝ 62 դեպք), 52-ում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 14 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումներ հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհից զոհվել է 1, տուժել 1 մարդ:

Ապրիլի հրդեհների 73,2 տոկոսը՝ 229 դեպք, գրանցվել է քաղաքներում, 26,8 տոկոսը՝ 84 դեպք, գյուղերում: Նախորդ տարվա ապրիլի հա­մեմատ քաղաքային հրդեհների թվաքանակն աճել է 51-ով, գյուղական հրդեհներինը՝ 31-ով: Երեւանում գրանցվել է 131 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Լոռիում՝ 35 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 4 դեպք: Ըստ համայնքների.  ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու քաղաքներում՝ 19 եւ գյուղերում՝ 16, ամենաքիչը՝ Արմավիրի քաղաքներում՝ 3 եւ Սյունիքի գյուղերում՝ 2: 2019-ի Ապրիլին Վայոց ձորի քաղաքներում հրդեհներ չեն եղել:

Ապրիլ ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել  բուսածածկ տարածքներում՝ 34,5 տոկոս, 108 դեպք: Սրանից բացի կրակի բաժին են դարձել. աղբ՝ 64 դեպք, առանձնատուն՝ 38 դեպք, բնակելի շենք՝ 29 դեպք, տրանսպորտային միջոց՝ 17 դեպք, տնակ, ավտոտնակ՝ 9 դեպք, անասնակեր՝ 3 դեպք եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 354 ՃՏՊ՝ 71-ով ավելի քան 2018-ի ապրիլին: ՃՏՊ-ներից զոհվել է 19, տուժել՝ 462 մարդ: 2018 թվականի ապրիլի համեմատ զոհվածների թվաքանակը նվազել է 8-ով, իսկ տուժածներինը՝ աճել 57-ով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 184 դեպք, բախումներն են: 80 դեպք՝ վրաերթ, 32 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 58 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է 454 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 509 մարդ: 2018 թվականի ապրիլ ամսվա համեմատ թունավորումների դեպքերի քանակն աճել է 67-ով, զոհերի քանակը՝ 3-ով, տուժածների քանակը՝ 67-ով:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 158 դեպք, դեղորայք՝ 104 դեպք, քիմիական նյութեր՝ 63 դեպք, շմոլ գազ՝ 45 դեպք, սննդամթերք՝ 17 դեպք եւ այլն: Թունավորումների մեծ մասը՝ 342 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 34 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ 1 դեպք: 2019 թվականի ապրիլին Վայոց ձորում թունավորում չի եղել:

Այլ դեպքեր

2019 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 16 փլուզում, 8 քարաթափում, 1 փլվածք, 1 ուժեղ քամի, 1 ուժեղ կարկուտ, վայրի կենդանիների 1 հարձակում, 1 անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ