Գլխավոր Միջոցառումներ Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը ՝ աշխարհի չեմպիոններ (լուսանկարներ)

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը ՝ աշխարհի չեմպիոններ (լուսանկարներ)

3201
Տարածել

Ավարտվեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում մայիսի 14-21-ն անցկացվող Փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը։

28 երկրի շարքում Հայաստանի 42-հոգանոց հավաքականը հանդես եկավ պատանիների, երիտասարդների, մեծահասակների եւ վետերանների տարիքային խմբերում՝ եռամարտի ընդհանուր արդյունքներով նվաճելով 13 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Ձգում վարժությունից Նվեր Հովհաննիսյանը, Դիանա Բարսեղյանը եւ  Ալբերտ Դադիկյանը համապատասխանաբար 195, 160 եւ 176 կգ արդյունքներով սահմանեցին աշխարհի ռեկորդ։ Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը եւս  դարձավ առաջատար։

Մրցաշարին մասնակցում էին նաեւ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանը եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող,Գինեսի ու հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիր Յուրի Սաքունցը։

82 կգ քաշային կարգում հանդես եկող փրկարար Զորիկ Պողոսյանը 607,5 կգ եռամարտի ընդհանուր արդյունքով դարձավ աշխարհի եւ իր քաշային կարգում բացարձակ չեմպիոն։ Պատմում է՝ առաջնությանն ընդառաջ մարզիչ Արեն Պալյանի հետ օրեր շարունակ աշխատել են ֆիզիկական ուժի եւ տեխնիկայի բարելավման ուղղությամբ։ «Կքանիստ վարժության առաջին մոտեցումս 230 կիլոգրամից սկսեցի՝ 97 կիլոգրամով գերազանցելով աշխարհի փոխչեմպիոն ուկրաինացուն եւ 67,5 կիլոգրամով՝ թուրք եռամարտիկին։ Ապա միանգամից ծանրաձողի քաշը 27,5 կիլոգրամով ավելացրի։ Եվրոպայի առաջնության համեմատ այս անգամ շատ ուժեղ մրցակիցներ ունեի։ Հաղթանակիցս հետո մեկ օր ուշքի չէի գալիս»,- վերհիշում է եռամարտիկը։

Հայրենակիցներին ոգեշնչելու էր եկել ամբողջ հայ համայնքը: Տեղի հայերը մրցաշարից հետո մեծ հյուրասիրություն եւ քաղաքային զբոսանք են կազմակերպել մարզիկների համար։ Հայ մարզիկները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որի շրջակայքում շուտով վեր կխոյանան Լուցկի հայկական եկեղեցին։

Երեկոյան համերգների, փողոցային պարերի, համեղ ուտեստների, փոփոխական եղանակ ունեցող ուկրաինական քաղաքը գերել է րհրշեջ-փրկարարին, թեեւ հարազատ Վանաձորի կարոտն իրեն զգացնել էր տալիս։ Ընկերները հոգու հետ են խաղում՝ Զորիկն այնքան էր շտապում տուն վերադառնալ, որ օդանավակայանի անցակետում է մոռացել հեռախոսը։ Հայաստանում չեմպիոնին դիմավորել է հարազատ ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ։

ՃԿՊԱ ուսանող Յուրի Սաքունցը 75 կգ քաշային կարգում դարձել է եռամարտի եւ երկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ ձգում վարժությունից արծաթե մեդալի արժանացել։ Երիտասարդ մարզիկն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնության։ Նշում է՝ նախքան ծանրաձողին մոտենալը փոքր-ինչ վախ կար, քանի որ ժյուրին խիստ էր գնահատում, եւ ձեռքի մի սխալ շարժումը կարող էր ճակատագրական լինել։ «Մրցահարթակում ինձ պարտավորված էի զգում հայրենիքիս, հարազատներիս հանդեպ։ Աչքիս առջեւ ամիսների քրտնաջան պարապմունքներս էին․ պետք է հաղթեի»,-ասում է Յուրին։

Մրցաշարի ընթացքում ավելի էր ամրապնդվել ընկերությունը թիմի միջեւ։ Բոլորը մեկ մարդու պես հավաքվում էին երկրպագուների նստարանին իրենց ընկերների յուրաքանչյուր ելույթի ժամանակ։ Յուրիի խոսքով՝ թիմային համերաշխությունն է իրենց հաջողության բանալին։

Մրցաշարին հաջորդող օրերը եռամարտիկը զուր չի վատնել․ճամփորդել է Լուցկում ու Կիեւում, զբաղվել ձկնորսությամբ, ուրախ ժամանակ անցկացրել ընկերների հետ։ Կիեւում հանգստացողներին մարզիկը խորհուրդ է տալիս անպայման այցելել հայտնի շոկոլադի խանութը, որտեղ կարելի է գտնել մտքովդ անցած ցանկացած ֆիգուր՝ պատրաստված համեղ շոկոլադից։ «Թե՛ Լուցկը, թե՛ Կիեւը քաղաքակիրթ քաղաքներ են։ Բոլորը օրինապաշտ են, խաղաղասեր․չկան ձայնային ազդանշաններ, գոռգոռոցներ, ինչպես մեր երթուղայիններում։ Վարորդները սիրալիր ճանապարհ են տալիս հետիոտներին։ Այգիները խնամված են ու մաքուր։ Խանութներում երեկոյան 10-ից հետո խմիչքի ու ծխախոտի վաճառքն արգելված է։ Բոլոր պայմանները կան լավ հանգստի համար»,-նշում է Յուրին։

Այդուհանդերձ տունդարձը միշտ ավելի հուզիչ է լինում, հատկապես երբ օդանավակայանում քեզ հարուրավորներն են սպասում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները

Հ.Գ. Սա մեր մարզիկների հերթական հաջողությունն է: Նրանք միջազգային մրցաշարերի մասնակցության եւ հաղթելու, ռեկորդներ սահմանելու փորձ ունեն.

Եռամարտիկ-փրկարարը՝ Եվրոպայի չեմպիոն

ԱԻՆ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել

ԱԻՆ մարզիկների նոր հաղթանակները

ՃԿՊԱ ուսանողը «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ սահմանեց