Գլխավոր Միջոցառումներ Պետական կառույցների ՔՊ մասնագետները սովորում են առաջին օգնություն

Պետական կառույցների ՔՊ մասնագետները սովորում են առաջին օգնություն

2956
Տարածել

Այս տարի Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոնը կազմակերպում է առաջին օգնության 30-ժամյա դասընթաց պետական գերատեսչությունների քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատակիցների համար։ Առայսօր վերապատրաստվել է 110-120 հոգի աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններից, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից, պետական գույքի կառավարման կոմիտեից, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Կենտրոնական բանկից եւ այլ կառույցներից։

Դասընթացի մասնակիցներին տեսական եւ գործնականում ուսուցանվել են սիրտ-թոքային վերակենդանացման, արնահոսությունների դադարեցման, կոտրված վերջույթների անշարժացման, այրվածքների, գիտակցության խանգարումների դեպքում օգնության հմտությունները եւ այլն։

Աղետների բժշկության կենտրոնի ուսումնական բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Մանուկյանի խոսքով, շատերի՝ առաջին օգնության մասին գիտելիքը խորհրդային գրականությամբ էր սահմանափակվում, այնինչ բժշկությունն այսօր մեծ առաջընթաց է ապրել, հիմնովին փոխվել են մոտեցումները։ «Մենք ներկայացնում ենք ոլորտի վերջին նորությունները, օրինակ՝ ինչ նորմեր են կիրառում ռուս, ամերիկացի սրտաբաններն ու անեսթեզիոլոգները սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ։ Ցուցադրել ենք ժամանակակից սարքավորումները եւ թույլ տվել մասնակիցներին անձամբ կիրառել դրանք։ Դասընթացը սովորաբար ամփոփում ենք ինտերակտիվ հարց-պատասխանով եւ խմբային մրցույթներով»,- նշեց բաժնի պետը։

Բոլորին տրվել են եւ տրվելու են մասնակցության հավաստագրեր։

Կենտրոնը վերջին տարիներին իրականացնում է նաեւ բժիշկների շարունակական մասնագիտական կրթություն, ինչին կանդրադառնանք առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արթուր Մանուկյանը