Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն 90-ամյա պապիկին իջեցրել են տանիքից

Փրկարարներն 90-ամյա պապիկին իջեցրել են տանիքից

2138
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 411 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 82 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 23 կեղծ կանչ:

Փրկարարները 163 կենցաղային կանչ են ստացել, որից 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջաններում եւ Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ: 33 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցում քաղաքացին բարձրացել է տներից մեկի տանիք, ինքնազգացողությունը վատացել է եւ չի կարողանում ինքնուրույն իջնել: Հրշեջ-փրկարարները 90 տարեկան պապիկին իջեցրել են տանիքից: Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Շինարարների փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի մակարդակում աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը խափանվել է, ինչի հետեւանքով քաղաքացիները մոտ 3 ժամ մնացել են կռունկի վրա, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ փրկարարներն ավտոամբարձիչից իջեցրել են 42 եւ 49 ամյա երկու տղամարդու: Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մեղրի քաղաքում շունը մտել է տներից մեկի լոգասենյակ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել սանհանգույցից եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «ՔՊ միջոցառումների կազմակեր­պումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Աղետների ռիսկերի նվազեցման պլանների կիրառելիությունը», «Հրդեհաշիջման իրականացումը դպրոցի կաթսայատանը», «Հրդեհ դպրոցի դասասենյակում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազ­մակերպումը ուսումնական հաստատություններում», «Տարհանում, հրդեհաշիջում եւ առաջին օգնություն» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: