Գլխավոր Սպիտակ-30 «Ընկեր Կամոն» եւ աղետյալ երեխաները

«Ընկեր Կամոն» եւ աղետյալ երեխաները

2082
Տարածել

Սպիտակի երկրաշարժից ժամեր անց, ի թիվս մյուս բուհերի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից տասնյակ ուսանողական ավտոբուսներ մեկնեցին աղետի գոտի։ Կամավորների թվում Ճգնաժամային  կառավարման պետական ակադեմիայի Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Կոմիտաս Բլիկյանն էր։ «Լենինական տանող բոլոր ճանապարհները փակ էին, համակարգված չէին տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռների փոխադրումը։  8-9 ժամում տեղ հասանք։ Ուսանողները փրկարարական աշխատանքներ էին կատարում հիմնականում դպրոցների եւ մանկապարտեզների տարածքում։ Մեզ ուղղորդում էր կոմերիտմիության նախագահ Սամվել Հարությունյանը։ Մեր խմբին տարան փլուզված ծննդատուն: Սառած վիճակում երկու ծծկեր երեխա դուրս բերեցինք եւ հանձնեցինք Վրաստանի շտապօգնության մեքենային»,- վերհիշում է ականատեսը։

Առաջին օրերին տեխնիկան օդի ու ջրի պես անհրաժեշտություն էր։ Միակ  վերամբարձ կռունկը բնակելի շենքերին օգնության հասնել չէր կարողանում։ Ամեն անգամ երկրաշարժի մասին խոսելիս Կոմիտաս Բլիկյանի աչքի առջեւ է գալիս նույն փլատակի շուրջ օրը լուսացնող տղամարդը, որի ողջ մնացած երեխային դուրս բերելու միջոց չկար։

Դեկտեմբերի 8-ին զորամասերից մեկից տանկ ժամանեց Լենինական։ Բանակում տանկիստ ծառայած ուսանողը ստանձնեց տեխնիկայի կառավարման գործը, տասնյակ զոհեր գտնվեցին։ Օրեր անց նա ներգրավվեց նաեւ Երեւանի օդանավակայանում մարդասիրական օգնության բեռնաթափման եւ տեղափոխման աշխատանքներին։

Տարբեր բարերարների եւ կազմակերպությունների շնորհիվ սկսվեց ողջ մնացած բնակչության տարհանման գործընթացը։ Մարդկանց օգնելու եկածներից մեկն էլ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ծրագրային համակարգերի ինսիտուտի տնօրեն Ալֆրեդ Այլամազյանն էր, որն անօթեւան մնացած իր հայրենակիցներին տեղավորեց Յարոսլավի շրջանի Պերեսլավլ Զալեսկիյ քաղաքում՝ ինստիտուտին պատկանող համակարգչային ճամբարում։ Այստեղ էին հանգրվանել նաեւ Սումգայիթի ջարդերից փրկվածները, որոնք հետագայում նրա օգնությամբ տուն, աշխատանք ստացան եւ հիմնական բնակություն հաստատեցին։

«Իմանալով, որ Այլամազյանն ուզում է դպրոց բացել, ես ու ընկերս՝ Կարեն Բեյբությանը, կամավորագրվեցինք եւ մեկնեցինք Պերեսլավլ Զալեսկիյ։ Ճամբարի քարե շենքի երկրորդ հարկում դպրոցն էր՝ 30-ից ավելի աշակերտով։ Նրանց ընտանիքներն ապրում էին մյուս մասնաշենքում։ Ուսուցիչներիս հատկացվել էր ծայրամասային սենյակը, որտեղ քնում էինք, հաց ուտում, կազմակերպում մեր առօրյան»,- պատմում է ՃԿՊԱ դասախոսը։

Մասնագետների սակավության պատճառով ամեն ուսուցիչ մի քանի առարկա էր դասավանդում։ «Պատմությունը», «Իրավունքը», «Աշխարհագրությունը» «Անգլերենը», «Երգեցողությունն» ու «Կենսաբանությունը» բաժին ընկան Կոմիտաս Բլիկյանին՝ ընկեր Կամոյին։ Ժպիտով պատմում է՝ հատկապես դժվարանում էր «Կենսաբանություն» առարկայից․ ամեն երեկո սովորում էր 5-10-րդ դասարանների համար նախատեսված օրվա թեմատիկ դասն ու հաջորդ պարագրաֆը, որպեսզի հարցերի դեպքում անհարմար դրության մեջ չհայտնվի․ «Ձկներն էինք ուսումնասիրում։ Արթուրիկն իր հարցասեր բնավորության համաձայն ասաց, թե՝ ընկե՛ր Կամո, ձուկը սիրտ ունի՞։  Հաջորդ դասերը չէի սովորել, նշտարիկի օրինակով «ոչ» պատասխանեցի, բայց մեջս կասկած մտավ։ Գիրքը թերթեմ, ի՞նչ տեսնեմ՝ մի ամբողջ գլուխ ձկան սրտին է նվիրված»։

Շուտով Հայաստանից եւս երկու հոգի եկան դասավանդելու: Ուսուցիչների հոգսը թեթեւացավ։ Երկրաշարժի արհավիրքն ապրած երեխաները ռուս բժշկուհու հոգատար վերաբերմունքի շնորհիվ շուտով մոռացան իրենց վախերը եւ բնականոն կյանքի վերադարձան։ Ճամբարում ամենաուրախ իրադարձություններից մեկը Հայաստանի «Ակունք» անսամբլի հետ հանդիպումն էր՝ Գեւորգ Դաբաղյանի գլխավորությամբ։

Ամբողջ ընթացքում չէր դադարում աղետյալներին մարդասիրական օգնության տրամադրումը։ Մոսկվայի հայկական եկեղեցին բեռնատարներով սնունդ ու հագուստ էր ուղարկում։ Ճամբարի սպասված հյուրերից էին անտառաբնակ ռուս տարեցները, որոնք, օրվա ուտելիքը սահնակին բարձած, գալիս էին երեխաներին տեսակցության։ Մոսկվաբնակ բարերար Ավետիքի ջանքերով ամբողջ ճամբարը նույնիսկ Վիլնյուս մեկնեց՝ հանգստի։ Այստեղ լիտվացիներն իրենց հերթին անվճար հյուրասիրեցին եւ գնացքի տոմսերի հարցը լուծեցին։

Մեկ տարի անց բոլորը հայրենիք վերադարձան։ «Ընկեր Կամոն» ավարտեց ուսումը, շարունակեց կրթել։ Եվ որքան մեծ էր հուզմունքն ու ուրախությունը, երբ տարիներ անց իր աշակերտի՝ Սպարտակի պսակադրությանը մասնակցելու հրավեր ստացավ։ Ապրելու եւ արարելու ցանկությունը հաղթել էր ցավին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Կոմիտաս Բլիկյանի լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ: Արխիվային լուսանկարները տրամադրել է Կոմիտաս Բլիկյանը: