Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Շամշադինից Բեռլին․ դրվագներ՝ Հայրենական պատերազմից

Շամշադինից Բեռլին․ դրվագներ՝ Հայրենական պատերազմից

2999
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության վետերան, 93-ամյա Հայկազ Գեւորգյանը Շամշադինի (ներկայիս՝ Բերդ) շրջանից Հայրենական պատերազմին մասնակցածներից միակն է, որն այսօր մեզ հետ է ապրում։

Պատմում է՝ պատերազմն սկսվելուն պես ամբողջ շրջանի 18-45 տարեկան տղամարդկանց զորակոչեցին բանակ։ 640 հոգու մեջ նաեւ ինքն էր՝ դեռ 18 տարին չբոլորած պատանի։ «Մեզ տարան Թիֆլիս, որտեղ երեք ամիս զինվորական գործ սովորեցինք։ 1945 թվականի փետրվարին գնացքով մեկնեցինք Բրեստ, այնուհետեւ` Լեհաստանի եւ Գերմանիայի սահման, որտեղ մարտեր էին ընթանում։ Առաջնագիծ հասնելու համար 7 օր անտառամիջյան ճանապարհով ենք գնացել՝ զենքն ուսներիս` երկաթգծերը շարքից դուրս էին եկել, իսկ գերմանական ինքնաթիռները շարունակ ռմբակոծում էին»,- վերհիշում է վետերանը։

Խորհրդային զինվորները դիրքավորվեցին սահմանային Օբրա գետի մոտակայքում։ Գետնանցն անհնար էր, քանի որ կամուրջները պայթեցվել էին։ Օրեր տեւած անհավասար պայքարում երկու կողմերն էլ բազմաթիվ զոհեր ունեցան։ Միայն 7-րդ օրը զորամասը տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ արկեր ստացավ, որոնց միջոցով վերջնականապես ստիպեց գերմանական զորքերին նահանջել՝ մարտի դաշտում թողնելով իրենց վիրավորներին ու զոհերին, իսկ բնակելի տներում՝ ընտանիքի տարեց անդամներին։

Օբրայի մարտերին հաջորդեց Դրեզդենի եւ այլ բնակավայրերի գրավումը խորհրդային բանակի կողմից։ «Մայիսի 5-ն էր, մեկ օր Էլբա գետի ափին հանգստանալու հնարավորություն ունեինք։ Հրաման եկավ դադարեցնել կրակը, քանի որ ամերիկյան եւ անգլիական զորքեր էին ընդառաջ գալիս։ Հանդիպումը ջերմ անցավ, բոլորս ծանոթացանք, գրկախառնվեցինք, իսկ երկու օր անց հայտարարվեց, որ պատերազմը վերջացել է»,- երանությամբ հիշում է Հայկազ Գեւորգյանն ու հավելում, որ հաղթանակի կապակցությամբ երեք օր քեֆ են արել՝ օգտվելով գերմանացիների լքված տներում մնացած բարիքներից։

Պատերազմի ավարտից հետո սկսվեց զորացրման գործընթացը՝ ըստ տարիքի։ 640 շամշադինցիներից տուն վերադարձավ 320-ը։ Հայկազ Գեւորգյանը դեռ 6 տարի Գերմանիայում ծառայեց, դարձավ զորամասի հրամանատար, իսկ 1951 թվականին Երեւան վերադառնալուն պես աշխատանքի անցավ Ներքին գործերի նախարարությունում։ Այստեղից գործուղվեց Մոսկվա՝ սպայական բարձրագույն դպրոցում սովորելու եւ իր աշխատանքը շարունակեց նախարարության տարբեր բաժիններում։ «1955-56 թվականներին Երեւանում մեծ շինարարություն էր ընթանում` ամենուրեք գետնափոր տներ էին, շնչելն անհնար էր։ Իմ կամքով Շամշադին տեղափոխվեցի եւ աշխատանքի անցա շրջանի հրշեջ-տեսչության պետի պաշտոնում։ Եւս 5 տարի տեղի տուրիստական բյուրոյում պետի տեղակալ էի, իսկ 1990 թվականից վերջնականապես կենսաթոշակի անցա»,- փոքր-ինչ ափսոսանքով ասում է նախկին փոխգնդապետը։

Հայրենական մեծ պատերազմում իր մասնակցության եւ բարձր մարտական պատրաստության համար Հայկազ Գեւորգյանը բազմաթիվ մեդալների եւ շքանշանների է արժանացել, որոնք ամեն մայիսյան եռատոնին տեղ են գտնում իր կրծքին։

Պատերազմում կրած զրկանքների մասին խոսել չի սիրում: Փոխարենը ցանկացողներին պատմում է խրամատներում ծայր առած կատակների, «ամերիկյան» արտադրության զինվորական հագուստի ու կոշիկի հարմարավետության, կաթի փոշու, ձկան պահածոների համն ու հոտի, հաղթանակի բերկրանքի մասին։

Հայկազ պապը, չնայած տարիքին, առողջ ապրելակերպ է վարում․ այգին է մշակում, ժամանակ հատկացնում մանկահասակ ծոռներին, իսկ երեկոյան համացանցով շփվում մոսկվայաբնակ որդու հետ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Հայկազ Գեւորգյանը