Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ փողային նվագախումբը կրկին առաջինն է

ԱԻՆ փողային նվագախումբը կրկին առաջինն է

2523
Տարածել

Ավարտվեց «Արտ-վերածնունդ» 11-րդ միջազգային մրցույթ փառատոնը, որի նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացումը, հաստատել նոր ստեղծագործական կապեր եւ ներկայացնել հայ մշակույթը:

«Զինվորական նվագախումբ» անվանակարգում այս տարի կրկին առաջին տեղում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր, փ/ծ գնդապետ Մանվել Ութուջյանի ղեկավարությամբ։ «Գրան պրի» մրցանակին արժանացել են Երեւանի թիվ 13 հատուկ երաժշտական գիշերօթիկ դպրոցի սաները։

ԱԻՆ Նվագախումբը ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի եւ օտարազգի դասականների ստեղծագործությունները։ Ժյուրիին զարմացրել է հատկապես «Սպարտակ» բալետի համարձակ ընտրությունը, քանի որ այս սիմֆոնիկ երաժշտությունն իր տեխնիկայով, դինամիկայով եւ փոփոխական ռիթմերով նախատեսված չէ փողային նվագախմբի համար։

ԱԻՆ նվագախմբի գործունեությունը միայն փառատոնային մասնակցությամբ չի սահմանափակվում։ Տարիներ շարունակ խումբը բարեգործական համերգներով է հանդես գալիս մարզերի մշակութային օջախներում, մանկատներում եւ ծերանոցներում։

Մայիսի վերջին Սեւանի ավազանի համայնքներում կանցկացվի «Հնչի՛ր շեփոր հաղթական» փողային նվագախմբերի ամենամյա փառատոնը, որին իր մասնակցությունը կունենա նաեւ ԱԻՆ նվագախումբը եւ կանցկացնի վարպետության դասեր։

Մինչ այդ արվեստասերներին առաջարկում ենք մայիսի 9-ին ներկա գտնվել Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը եւ ժամը 13:30-15:00-ը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց ունկնդրել մեր երաժիշտներին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Սա ԱԻՆ փողային նվագախմբի հերթական հաջողությունն է: 2017 թվականին նվագախումբը «Վերածնունդ» փառատոնի «Զինվորական նվագախումբ» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել: Իսկ 2018-ին՝ Գրան-պրի մրցանակի: