Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն օգնել են ոստիկաններին

Փրկարարներն օգնել են ոստիկաններին

2511
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 335 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 60 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 20 կեղծ կանչ:

Փրկարարները 134 կենցաղային կանչ են ստացել, որից 80-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջանների եւ Արարատի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 8 մարդ: 13 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Էրեբունու փրկարարները ոստիկանությունից հեռախոսազանգ են ստացել, որ ոստիկանության բաժնում գտնվող ձերբակալվածի ձեռնաշղթայի փականը խափանվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները հեռացրել են ձեռնաշղթան:

Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել եւ կոտրել է ոտքը, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Հրշեջ-փրկարարները պատգարակով սարա­լանջից իջեցրել 37-ամյա կնոջն ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Իջեւանի եկեղեցու մոտակայքում շունն ընկել է Աղստեւ գետը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել գետից:

Անցած շաբաթ փրկարարները կազմակերպել են «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարի դեպքում մո­նիտորինգի կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրակա­նա­ցումը», «Աղետների ռիսկերի նվազեցման պլանների կիրառելությունը», «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների կազմակերպումն ուսումնական հաստատությունում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: