Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նոր տեխնիկա՝ ԱԻ նախարարությանը (լուսանկարներ)

Նոր տեխնիկա՝ ԱԻ նախարարությանը (լուսանկարներ)

4255
Տարածել

Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում կայացավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին հրշեջ-փրկարարական մեքենաների, ավտոսանդուղքի եւ շարժական արհեստանոցի պաշտոնական հանձնման րարողությունը։ 14,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր գույքը կտրամադրվի Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումներին։ Այսօր հանձնվեց 18 մեքենա՝ 14 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք, 1 կարգավար։ Մինչեւ տարեվերջ Հայաստանը Ճապոնիայից այս ծրագրով կստանա եւ 26 մեքենա։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, նորին գերազանցություն, պարոն Ջուն Յամադան, այլ պաշտոնատար անձինք։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը երախտագիտության խոսքեր ասաց՝ նշելով, որ նման միջազգային համագործակցության արդյունքն անվտանգ միջավայրում ապրող քաղաքացին է։ Հայ փրկարարները, որոնք Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս մարդասիրական օգնություն են ցուցաբերում, նոր տեխնիկայի շնորհիվ ավելի կկատարելագործեն իրենց հմտությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի տնտեսության եւ ենթակառուցվածների արդիականացման գործում։ Բարձրացել է բնակչության պաշտպանվածությունը հատկապես սողանքների եւ սեյսմիկ վտանգների ոլորտում։ Վարչապետը հավելեց նաեւ, որ համագործակցությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ շարունակական է լինելու․ մեկ այլ ծրագրով Ճապոնիան 1,3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրելու Հանրային հեռուստաընկերության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար։ Դեսպան Ջուն Յամադան զարմացրեց ներկաներին իր հայերեն ելույթով։ «Գյուղական համայնքների զարգացման համար բնական աղետները խոչընդոտ են հանդիսանում։ Ճապոնիայի կառավարությունն առաջնահերթ է համարում աջակցել աղետների կանխարգելմանը, քանի որ մարզերում հակահրդեհային սարքավորումների պակաս կա, տեխնիկայի մեծ մասը մաշված է եւ ոչ այդքան պիտանի։ 2009 թվականին մենք հաջողությամբ Երեւանում իրականացրինք հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագիր, այս դեպքում էլ ակնկալում ենք նմանատիպ արդյունք»,- ասաց դեսպանը։ JICA հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն իր հերթին հիշեցրեց, որ աղետների կանխարգելման ոլորտում Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցությունը սկիզբ է առել դեռ Սպիտակի երկրաշարժի օրերից, ինչի արդյունքում այսօր ունենք աղետների կառավարման ոլորտում կրթված կադրեր եւ նորագույն տեխնոլոգիաներ։

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆ