Ապրիլին ՀՀ կառավարությունը սահմանեց մինչեւ 7 եւ 7-12 տարեկան երեխաների փոխադրման համար առանձին պահանջներ՝ պայմանավորված տարիքային առանձնահատկությամբ։ Այսպիսով՝ մանկական նստատեղերի, անվտանգության գոտիների կիրառումը դարձավ պարտադիր։
Զարգացած երկրներում սա արդեն արմատացած պրակտիկա է, երթեւեկության պարտադիր բաղադրիչ, որը զգալիորեն կրճատում է մանկական մահացության թիվը վթարների ժամանակ։
Ններկայացնում ենք նստատեղերի ընտրության չափանիշները: Նաեւ՝ տեղադրման հիմնական սխալները, որոնք վտանգում են երեխայի առողջությունը։
Ի՞նչպես ընտրել ճիշտ սարքավորում փոխադրման համար
Նստատեղերը դասակարգվում են ըստ երեխայի նախատեսված թույլատրելի քաշի կամ հասակի:
- Խումբ 0 (0-10կգ, մինչեւ9 ամսական) ։ Այս խմբում հիմնականում ներառված են օրորոցները, որոնք դրվում են մեքենայի հետեւի նստարանին։ Երեխայի գլուխը գտնվում է մեքենայի հետեւի նստարանի մեջտեղի հատվածում, ոտքերը՝ դեպի դուռը։ Խորհուրդ է տրվում օրորոցներն օգտագործել վաղաժամ ծնված երեխաների համար, որոնք ուղղահայաց դիրքում կարող են շնչառական խնդիրներ ունենալ։ Օրորոցներն ունեն ամրագոտիներն անցկացնելու հնարավորություն։ Անվտանգության առումով դրանք զիջում են մյուսներին, ուստի հնարավորության դեպքում պետք է երեխային զամբյուղի մեջ տեղափոխել։
- Խումբ 0+ (0-13կգ,մինչեւ 18 ամսական) ։ Այս խմբին են պատկանում զամբյուղները։ Դրանք ապահով են, օգտագործվում են միայն երթեւեկությանը հակառակ դիրքով։ Զամբյուղները կարելի է կիրառել ծննդյան առաջին օրվանից եւ փոխարինել ավելի բարձր խմբի մանկական նստատեղով, երբ երեխան այլեւս չտեղավորվի դրա մեջ:
- Խումբ 0+/1 (0-18կգ,մինչեւ 4 տարեկան)։ Նստատեղերը լինում են երկու տեսակ` նախատեսված երթեւեկությանը հակառակ դիրքով, իսկ որոշակի քաշ հավաքելուց հետո (9 կգ)՝ նաեւ ընթացքի ուղղությամբ ճամփորդելու համար։ Անվտանգությունից ելնելով՝ երեխան պետք է հնարավորինս երկար՝ մինչեւ 4 տարեկան եւ ավել, ճամփորդի երթեւեկությանը հակառակ դիրքով։
- Խումբ 1 (9-18կգ, 9 ամսականիցմինչեւ 4 տարեկան) ։ Այս խմբի նստատեղերը կիրառվում են երթեւեկության ուղղությամբ ճամփորդելու համար։ Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք նախատեսված են հակառակ դիրքով ճամփորդելու համար։
- Խումբ 2 (15-25կգ, 3-6 տարեկան), խումբ 2/3 (15-36կգ, 3-12 տարեկան)կամ խումբ 3 (22-36կգ, 6-12 տարեկան) ։ Սրանք այն նստատեղերն են, որոնք թույլ են տալիս օգտագործել մեծահասակների համար նախատեսված մեքենայի ամրագոտիները։ Լինում են թիկնակով կամ առանց դրա: Գերադասելի են թիկնակով տարբերակները, որոնց կողային հատվածները կպաշտպանեն երեխային կողքից հարվածի դեպքում։
- Խումբ 1/2/3 (9-36կգ) ։ Այս նստատեղերն օգտագործվում են միայն երթեւեկության ուղղությամբ ճամփորդելու համար։ Դրանք ավելի մատչելի են՝ նախատեսված տարիքային տարբեր խմբերի համար, սակայն չեն երաշխավորում նույն հարմարավետությունը կամ անվտանգությունը, ինչ տարբեր խմբերի համար նախատեսված առանձին նստատեղերը։ Այսպիսով, պետք է խուսափել գնել այնպիսի նստատեղեր, որոնք նախատեսված են 2-ից ավելի տարիքային խմբերի համար:
- Խումբ I-size՝ 40-120 սմ հասակի համար (0-4 տարեկան) ։ I-size-ը եվրոպական նոր ստանդարտ է, որը հեշտացնում է նստատեղի գնումը: Այս նստատեղերն ունեն մի քանի առանձնահատկություն․ դրանք ձեռք բերելու համար բավական է իմանալ երեխայի հասակը, երթեւեկությանը հակառակ դիրքում հնարավոր է տեղափոխել մինչեւ 15 ամսական երեխաներին, I-size բոլոր նստատեղերն անցնում են կողքից հարվածի թեստը եւ ֆիքսվում «Իզոֆիքս» համակարգի օգնութամբ, ինչը նվազեցնում է նստատեղի սխալ ամրացման ռիսկը:
«Իզոֆիքս» ամրացման համակարգ
Եթե մեքենայում օրորոցի ամրացման մեխանիզմը բոլոր դեպքերում նույնն է, ապա մանկական նստատեղ ընտրելիս ցանկալի է ձեռք բերել նաեւ «Իզոֆիքս» ժամանակակից ամրացման համակարգ։ Այն երկաթե ձող է, որը տեղադրվում է մեքենայի նստարանի մեջ եւ միանում երեխայի նստատեղին։ Այս դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է մեքենայի թափքի, ոչ թե ամրագոտիների վրա։ Վերջին տարիներին արտադրված գրեթե բոլոր մեքենաներն ունեն այս սարքավորումը։ «Քրաշ» թեստերի արդյունքներով՝ «Իզոֆիքսին» ամրացված նստատեղը 94 տոկոսով դիմակայուն է հարվածի նկատմամբ, բացի դրանից՝ հեշտ եւ արագ կիրառելի է։ Հիմնական թերություններն են բարձր գինը եւ ծանրությունը։
Խուսափե՛ք հին նստատեղերից
Ասում են՝ ժլատը կրկնակի է վճարում։ Եթե, այնուամենայնիվ, որոշել եք օգտագործված փոխադրման հարմարանք գնել, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա պիտանելիության ժամկետին։ Սովորաբար նստատեղի հումքը պլաստիկն է, որը ժամանակի ընթացքում կարող է ճաք տալ կամ փխրուն դառնալ։ Եթե նույնիսկ արտաքինից այն լիովին նոր է թվում, միևնույն է ՝ կարող է վթարի ժամանակ կոտրվել՝ ոչ միայն չպաշտպանելով երեխային, այլեւ առաջացնելով երկրորդական վնասվածքներ։ Օգտագործված ապրանք գնելիս մանրամասնորեն ստուգեք ամեն դետալը, պահանջեք օգտագործման ուղեցույցը, ճշտեք արտադրման տարեթիվը։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս գնել հինգ տարուց ավելի օգտագործված նստատեղ։
Երեխայի դիրքը մեքենայում
Մինչեւ երկու տարեկան երեխաները ճամփորդում են երթեւեկության ընթացքին հակառակ։ Այս դիրքն պաշտպանում է փոքրիկի ողնաշարն ու պարանոցը, քանի որ այս տարիքում երեխաները մեծ գլուխ եւ թույլ վիզ են ունենում։ Վթարի կամ կտրուկ արգելակման դեպքում երեխան առաջ է նետվում, կարող է առաջանալ ողնաշարի վնասվածք, իսկ «մեջքով առաջ» դիրքում նստատեղի թիկնակը նրան կպաշտպանի։
Թյուր կարծիք կա, որ վնասակար է նորածիններին մանկական նստատեղում նստեցնել։ Ժամանակակից որակյալ նստատեղեր արտադրողները նախատեսել են հատուկ օրթոպեդիկ ներդիրներ եւ բարձիկներ հատուկ նորածինների համար։ Ճիշտ օգտագործման դեպքում երեխան իրեն անվտանգ եւ հարմարավետ կզգա։
Յուրաքանչյուր նստատեղ ունի երեխայի քաշի եւ հասակի սահմանափակում։ Եթե երեխան այլեւս չի տեղավորվում սարքավորման մեջ, այն կորցնում է իր նշանակությունը եւ դադարում անվտանգ լինել։
Մեքենայի առջեւի նստարանը երեխայի համար ամենավտանգավորն է, հատկապես՝ անվտանգության բարձիկների առկայության դեպքում։ Ցանկալի չէ երեխային վարորդի կողքին նստեցնել, բայց եթե այլ ելք չկա, հարկավոր է կարգավորել նստարանի դիրքը՝ հնարավորինս այն հեռացնելով դիմապակուց։
Նստատեղի տեղադրման սխալները
Մասնագետները պնդում են, որ չորսից երեք դեպքում նստատեղը ճիշտ չի տեղադրվում։ Ամենատարածված սխալներից մեկը նստատեղը մեքենային ոչ բավականաչափ ամուր ամրացնելն է։ Ավելին՝ շատ ծնողներ ընդհանրապես չեն ամրացնում նստատեղն ամրագոտիներով։ Ուշադիր կարդացե՛ք ուղեցույցը։ Նստատեղը չպետք է 1 սմ-ից ավելի տատանվի կամ շարժվի ամրագոտիներով ամրացնելուց հետո։ Եթե սրահը կաշվից է, հարկավոր է նստատեղի տակ կոշտ կտոր դնել։ Ավելի արդյունավետ է նստատեղն ամրացնել նստարանի մեջտեղի հատվածում, որպեսզի երեխան իր վրա չկրի առաջին հարվածը։ Ուղեցույցը կարեւոր է, քանի որ դրանում նշվում են նաեւ խորհուրդներ նստատեղի խնամքի եւ երեխայի ընդհանուր անվտանգության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է օրորոցներին, ապա հաճախ ծնողները դրանց վրա պլաստմասե խաղալիքներ են կախում՝ երեխային զբաղեցնելու համար։ Հարկավոր է դրանք փափուկ խաղալիքներով փոխարինել՝ նվազեցնելով վթարի ժամանակ վնասվածքների վտանգը։
Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան նստատեղի վրա, է, ապա նրան անվտանգության գոտիներով ամրացնելու կարիք չկա։ Սա սխալ տրամաբանության արդյունք է։ Շատ մայրեր անհանգստանում են, որ անվտանգության գոտիները վնասում են երեխայի մաշկը եւ խանգարում տեղաշարժմանը։ Ժամանակակից նստատեղերն այնպես են նախագծվում, որ երեխան հնարավորինս իրեն հարմարավետ զգա։ Անվտագնության գոտիներն ամրացվում են երեխայի ուսերի շրջանում, պետք չէ դրանք շատ ձգել։ Փորձեք երեխայի ուսը գրկող ամրագոտին երկու մատների մեջ հավաքել։ Եթե չի ստացվում, ապա այն ճիշտ է ամրացված։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Աղբյուրներ՝ www.kksenyak.am, www.letidor.ru