Գլխավոր Միջոցառումներ Լավագույն պատանի հրշեջ-փրկարարները տավուշցիներն են (լուսանկարներ)

Լավագույն պատանի հրշեջ-փրկարարները տավուշցիներն են (լուսանկարներ)

2224
Տարածել

Ապրիլի 27-ին Երեւանի «Սպարտակ» մարզադաշտում անցկացվեց պատանի հրշեջ- փրկարարների  7-րդ հանրապետական առաջնությունը, որին մասնակցեցին Երեւան քաղաքից 3 եւ մարզերից 9 թիմ։ Մասնակիցները ելույթ ունեցան պտտաձողի վրա ձգում, հրումներ հատակից, փոխանցումավազք, տեղանքում կողմնորոշում եւ մարտական հագուստ-հանդերձանքի հագնում մրցաձեւերում:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ մայոր Վիլեն Օվչյանի խոսքով՝ մարզի ուսումնական հաստատությունների միջեւ անցկացվել է առաջնություն, որի  արդյունքներով ընտրվել են լավագույնները։ Պատանիներից ոմանք իրենց դպրոցների հրշեջ եւ փրկարարական կազմավորումների անդամներ են։ Փրկարարը կարեւորեց մրցույթի մշակութային մասը, որը վերջին տարիներին ծրագրում ընդգրկված չէ։ Այն հնարավորություն էր տալիս բացահայտելու ոչ միայն ֆիզիկապես ուժեղ, այլեւ տաղանդավոր երեխաների։

Շիրակի մարզի Ձորակապ համայնքի միջնակարգ դպրոցի զինղեկ Շահեն Պապոյանն իր թիմին մարզել է մոտ երեք ամիս։ Դպրոցում ուսանում է 276 աշակերտ, որոնք հատկապես ձմռանը ֆիզպատրաստության դասերը դասարանում են անում՝ մարզադահլիճ եւ բացօթյա մարզահրապարակ չունենալու պատճառով։ Մրցաշարին ընդառաջ դրսում տեղադրվել են ինքնաշեն պտտաձողեր, այլ հարմարանքներ։ Զինղեկի խոսքով՝ շատերն էին ցանկություն հայտնել մրցմանը մասնակցելու, սակայն թիմերի քանակի եւ տարիքային սահմանափակման պատճառով դա հնարավոր չի եղել։ Մանկավարժն առաջարկեց հաջորդ տարիներին ավելացնել մարզային թիմերի քանակը։

14-ամյա Միլենա Գրիգորյանը Արարատի մարզից է։ Հաշված վայրկյաներում կարողացավ հաղթահարել մարտական հագուստը հագնելու դժվարությունները։ Զբաղվում է սամբո, ձյուդո եւ թեթեւ ատլետիկա մարզաձեւերով, այս տարի հունվարին դարձել է ձյուդոյի Հայաստանի չեմպիոն։ Բացի սպորտից՝ նպատակասլաց աղջնակը նաեւ թատերական արվեստով եւ հոգեբանությամբ է հետաքրքրվում։ Իր հաջողության գաղտնիքն ինքնաքննադատության մեջ է, որը թույլ է տալիս անընդհատ զարգանալ։

Արագածոտնի մարզը ներկայացնող Տիգրան Հովհաննիսյանը նշեց՝ թիմը ձեւավորվել է տարբեր դպրոցների աշակերտներից։ Պարապմունքների ընթացքում սովորել են միմյանց նկատմամբ պատասխանատու լինել, թիմում աշխատել, դարձել են լավ ընկերներ։ Լոռու մարզից Լիլիթ Հովհաննիսյանն ու Ռաիսա Սիմոնյանը թեթեւ ատլետներ են։ Հրում վարժությունից լավագույն արդյունքները գրանցեցին։ Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել են սպորտային հաջողություններ ունենալ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։

«Հրաշալի երեխաներ ունենք։ Որպես երկար տարիների փորձ ունեցող հանրապետական մրցավար՝ կարող եմ մի բան ասել՝ նման միջոցառումներից միակ ձեռքբերումն ընկերությունն է։ Նույնիսկ դեպքեր գիտեմ, որ նույն մրցահարթակում հայտնված մասնակիցները տարիներ հետո ընտանիք են կազմել»,- ամփոփում է մրցավար, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը։

Մրցաշարի ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեցին.

«Համալիր վարժություն» մարզաձեւ

Առաջին տեղ՝  Տավուշի մարզի հավաքական

Երկրորդ տեղ՝ Կոտայքի հավաքական

Երրորդ տեղ՝ Աջափնյակի հավաքական

«Փոխանցումավազք 4X100 մետր» մարզաձեւ

Առաջին տեղ՝ Արարատի հավաքական

Երկրորդ տեղ՝ Լոռու հավաքական

Երրորդ տեղ՝ Շենգավիթի հավաքական

«Ձգումներ պտտաձողի վրա» մարզաձեւ

Առաջին տեղ՝ Արմավիրի հավաքականից՝ Սամվել Խաչատրյան

Երկրորդ տեղ՝ Տավուշի հավաքականից՝ Վալեր Ղալումյան

Երրորդ տեղ՝ Տավուշի հավաքականից՝ Կարեն Եգանյան

«Մարտական հագուստ-հանդերձանքի հագնում» մարզաձեւ

Առաջին տեղ՝ Վայոց ձորի հավաքականից՝ Էդիտա Հակոբյան

Երկրորդ տեղ՝ Աջափնյակի հավաքականից՝ Արիս Զեյրանյան

Երրորդ տեղ՝ Շենգավիթի հավաքականից՝ Հայկ Սաֆարյան

«Հրում հատակից պառկած դրությունից» մարզաձեւ

Առաջին տեղ՝ Լոռու հավաքականից՝ Ռաիսա Սիմոնյան

Երկրորդ տեղ՝ Լոռու հավաքականից՝ Լիլիթ Հովհաննիսյան

Երրորդ տեղ՝ Դավիթաշենի հավաքականից՝ Նելլի Ներսիսյան

Թիմային մրցակարգով հաղթող ճանաչվեց Տավուշի հավաքականը, երկրորդը Շենգավիթն էր, երրորդը՝ Կոտայքը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Հայաստանում պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական առաջնություններ անցկացվում են 2013 թվականից:

Բացի սրանից, Հայաստանը մասնակցում է նաեւ պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքների: