Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն հերթափոխի պետ-2018»․ Արա Մեսրոպյան

«Լավագույն հերթափոխի պետ-2018»․ Արա Մեսրոպյան

3036
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին «Լավագույն հերթափոխի պետ» է ճանաչվել Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի  հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արա Մեսրոպյանը։

46-ամյա փրկարարը ծնունդով սահմանամերձ Խաչիկ գյուղից է։ Արցախյան պատերազմի տարիներին եղել է «Արաբո» ջոկատի անդամ, մասնակցել Քարվաճառի ազատագրական եւ Խաչիկի ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղի ռմբակոծված տների, մարտական ընկերների հետ կիսած խնձորի չրի, գիշերով ցորեն հավաքելու մասին անցյալի հուշերն ապրում են ներկային զուգահեռ։ Պատերազմի արհավիրքը նաեւ որդին՝ տանկիստ Արմանն է տեսել, որն ապրիլյան քառօրյա մարտերից հետո հերթապահություն է իրականացրել Մատաղիսում եւ Թալիշում։ Փրկարարի խոսքով՝ այդ օրերին հեռավորությունից անտանելի կապի բացակայությունն էր։ Բարեբախտաբար որդին անփորձանք զորացրվեց, տուն վերադարձավ, ընդունվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ այժմ մասնագիտական փորձաշրջան է անցնում Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատում։ «Այնքան ինձ «պերերիվ» բերեց, վերջում ինքն էլ փրկարար դարձավ»,- կատակում է Արա Մեսրոպյանը, որը 1997 թվականից ծառայում է Եղեգնաձորի ջոկատում, սկզբում՝ որպես օղակի հրամանատար, ապա՝ հերթափոխի պետ։

Նկատում է՝ տարիների ընթացքում հրշեջ-փրկարարների գիտելիքներն ու հմտությունները բազմապատկվել են։ Չնայած դրան՝ սովորելու տեղ միշտ կա։ Անձամբ է հետաքրքրվում ամեն նոր հրատարակվող գրականությամբ, մասնակցում բազմաթիվ վերապատրաստման դասընթացների եւ վարժանքների։ «Դեպքեր են եղել, երբ ինքս եմ հայտնվել անելանելի վիճակում։ Այդպես՝ երեք տարի առաջ ձմռանն Արփա գետն ընկած քաղաքացուն դուրս բերելիս ոտքիս մկանները ձգվեցին, հազիվ կարողացա փրկվել։  Փրկարարը պետք է առաջին հերթին իր անվտանգությունն ապահովի․ չէ՞ որ նա երկու կյանքի համար է պատասխանատու»,- նշում է փորձառու հերթափոխի պետը՝ հավելելով, որ ցանկացած դեպքի վայրում իր առաջին ապավենը ծառայակից ընկերներն են։

Հարազատ Խաչիկ գյուղում վերականգնվող ամեն ծառ ու քարից Արան երջանկանում է․ բոլոր հարսանիքների ժամանակ առաջինն է պարահարթակ դուրս գալիս, նորապսակներին սեր մաղթում։ Արդեն քանի տարի Խաչիկում գաթայի փառատոն է անցկացվում։ Այս բարի ավանդույթն աշխուժացրել է սահմանամերձ գյուղի կյանքը, իսկ խաչիկցի կանանց ձեռքով պատրաստած կուտապի, չամիչով փլավի, բոխիով ապուրների եւ տնական հալվայի համբավը՝ տարածվել Հայաստանով մեկ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արա Մեսրոպյանը

«Արիության համաստեղություն-2018» մրցույթի այլ հաղթողներ.

«Լավագույն փրկարար-2018»․ Կարեն Ավետիսյան

«Լավագույն լեռնափրկարար-2018»․ Պողոս Հակոբյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2018». Մարատ Միրզոյան