Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել

ԱԻՆ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել

2972
Տարածել

Ապրիլի 19-21-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է ուժային եռամարտի Եվրասիայի առաջնությունը, որին մասնակցում էր 8 երկիր։ Հայաստանը ներկայացնում էին 21 մարզիկ, որոնք պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների տարիքային խմբերի մրցումներում նվաճել են 12 ոսկե մեդալ: Հաշմանդամություն ունեցող 3 հայ մարզիկից երկուսն իրենց քաշային կարգում աշխարհի ռեկորդ են սահմանել՝ Internatioanl Power Sports Union կազմակերպության չափանիշներով։

Հայաստանի փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը նշեց՝ գրանցված արդյունքներով վերջնականապես համալրվեց Հայաստանի հավաքականի կազմը, որը մայիսին կմասնակցի Ուկրաինայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, հայկական «Դյուցազնագրքի» եւ Գինեսի գրքի ռեկորդագիր Յուրի Սաքունցը 67,5 կգ քաշային կարգում նվաճել է երեք ոսկե մեդալ եռամարտ (395 կգ), երկամարտ (285 կգ) եւ ձգում (180 կգ) վարժություններում։  Մարզիկն այս հաղթանակին պատրաստվել էր մոտ մեկ ամիս։  Յուրին նաեւ պրոֆեսիոնալ մաս-ռեստլինգով է զբաղվում։ Ժպիտով պատմում է՝ իր հիմնական ելույթն ավարտելուց հետո առաջարկել է իրենից անձնական քաշով 20 կգ-ից ավելի Վրաստանի գործող չեմպիոնին ընկերական մրցում ունենալ: Վրացին համաձայնել է, հաղթել է հայը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից, առաջին կարգի մասնագետ Հարություն Մխիթարյանը 60 կգ քաշային կարգում 120 կգ արդյունքով ճանաչվել է աշխարհի ռեկորդակիր։ Պրոֆեսիոնալ բազկամարտիկը կատակում է՝ տարեկան մեկ-երկու անգամ ծանրամարտի մրցումների  է մասնակցում՝ համոզվելու, որ դեռ «չի ծերացել»։ Նախորդ տարի Թուրքիայում բազկամարտի աշխարհի առաջնության ժամանակ մարզիկը վնասվածք էր ստացել, որը, սակայն, չխանգարեց նրան հաղթանակ տանել։ «Մեր թիմը փայլուն հանդես եկավ, չնայած Թբիլիսի գնալու ճանապարհին գրեթե մեկ օր չենք քնել։ Մրցավարները որոշ դեպքերում սուբյեկտիվ էին գնահատում, սակայն ընդհանուր առմամբ՝ մրցումներն արդար անցան»,- ասաց Հարությունը։

Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, ծանրամարտի բազմակի մեդալակիր, մարզիչ Գրետա Վարդանյանի երեք սաները՝ Արա Մարտիրոսյանը, Արշալույս Սարգսյանն ու Դավիթ Վարդանյանը, երիտասարդների տարիքային խմբում երեք ոսկե մեդալ են նվաճել։ Գրետայի խոսքով՝ սա երկրից դուրս իրենց առաջին ելույթն էր։ Տղաները մինչեւ վերջին ուժը «կռիվ» են տվել ծանրաձողի հետ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները

Հ.Գ. Սա ԱԻՆ մարզիկների հերթական հաջողությունն է: www.911tert.am-ը մշտապես ներկայացրել է նրանց ձեռքբերումները: Ահա որոշ նյութեր.

ԱԻՆ մարզիկների հաջողությունները

ԱԻՆ աշխատակիցները հաշմանդամային սպորտում առաջատար են

ԱԻՆ մարզիկների նոր հաղթանակները

Փրկարար չեմպիոնուհին

Եռամարտիկ-փրկարարը՝ Եվրոպայի չեմպիոն

ՃԿՊԱ ուսանողը «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ սահմանեց