Գլխավոր Վերլուծություն Ռուսաստանում վերապատրաստվել է հայ փրկարարների հերթական խումբը (լուսանկարներ)

Ռուսաստանում վերապատրաստվել է հայ փրկարարների հերթական խումբը (լուսանկարներ)

2316
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակից՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողներ Նորայր Ավագյանը, Գոռ Դավթյանը, Սամվել Կոլյանը, Տիգրան Դավթյանը, Վարդան Վարդանյանը, Երեւանի փրկարարական վարչության թիվ 3 ՀՓՋ օղակի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը, Վանաձորի թիվ 37 ՀՓՋ օղակի հրամանատար Ասատուր Ղալայանը, Կապանի թիվ 54 ՀՓՋ ավագ հրշեջ, լեռնափրկարար Ալյոշա Խաչատրյանը, Իջեւանի թիվ 62 ՀՓՋ հրշեջ, ընդհանուր պրոֆիլի փրկարար Աշոտ Օթարյանը եւ Անիի թիվ 51 ՀՓՋ հրշեջ-փրկարար Հմայակ Հակոբյանը, փետրվարի 14-ից ապրիլի 5-ը գործուղվել են վերապատրաստման Ռուսաստանի Սոչի քաղաքի Կրասնոյա Պոլյանա գյուղաքաղաքի մասնագիտացված փրկարարական ուսումնական կենտրոնում։

Դասընթացը ներառել է թեմաների լայն շրջանակ՝ ֆիզիկական, հակահրդեհային, հատուկ տակտիկական, հատուկ տեխնիկական, լեռնային պայմաններում հատուկ պատրաստություն, քաղաքացիական պաշտպանություն, քարտեզագրում, առաջին օգնություն, հոգեբանություն եւ այլն։

Տղաների գնահատմամբ՝ գրականությունն ու դասավանդման մեթոդները գոհացուցիչ էին։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ բանավիճային քննարկումներ են եղել հատկապես առաջին օգնության դասերի ժամանակ, կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցման արդյունավետությունը։ «Առավելությունը նրանց տեխնիկական հագեցվածության մեջ էր, որը թույլ էր տալիս զգալի ժամանակ խնայել եւ արագ հասնել տուժածին։ Օրինակ՝ գետնանցման պարապմունքի ժամանակ ամբողջ գործընթացին տրվում էր 7 րոպե, այնինչ մենք նման աշխատանքը մինչ 30 րոպեում ենք ավարտում։ Գրեթե ամեն ինչ ունեին՝ բազմաֆունկցիոնալ հիդրավլիկ գործիքներ եւ գետնանցի ժամանակ կիրառվող պարան «կրակող» սարք, որի մասին առաջին անգամ էինք լսում»,- նշում է Դավիթը։

«Հոգեբանություն» առարկան դասավանդող պրոֆեսոր Պավել Գորդինը հայ փրկարարներին սովորեցրել է տուժածի հետ զրույցի նրբությունները, ներկայացրել դեպքի վայր մեկնելիս փրկարարի հոգեբանական պատրաստվածության անհրաժեշտությունը՝ ժամանակի կորուստը նվազեցնելու նպատակով։ ՀՆՓԱԻԿ 16-րդ ջոկատի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Նորայր Ավագյանն անկեղծանում է՝ մեր փրկարարների դեպքում էական դեր ունի աշխատանքային փորձը․ որքան շատ դեպքերի ես ականատես լինում, այնքան սովորում ես սթափ ու հստակ գործել։ Նույնը չի կարելի ասել նորեկների մասին, որոնք պատկերացում չունենալով ծառայության դժվարությունների մասին՝ հանկարծակիի են գալիս։

Դասընթացի գործնական մասում հայ մասնագետները կատարել են տարբեր բարդության պարանային աշխատանքներ, բարձրության վրա տուժածի տեղափոխում եւ այլն, ճանաչողական արշավ կազմակերպել դեպի ուսումնական կենտրոնի շրջակա լեռները։

Հրշեջ-ջոկատներում նրանք ծանոթացել են հատուկ նշանակության տեխնիկային, հրշեջների առօրյային։ «Զարմանալի էր, որ ոչ բոլորն են ծխապատ գոտում աշխատելու պատրաստություն անցնում։ Հայաստանում դա պարտադիր պայման է։ Մեր գործընկերներին ներկայացրել ենք՝ ինչպես է կազմակերպվում մեր ծառայությունը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ մեծ հրդեհների ժամանակ։ Բավականին դրական արձագանք ստացանք»,- ասում է Դավիթը։

Տեղացիներին զարմացնելու այլ առիթներ եւս եղել են։ Որսորդության սիրահար Աշոտ Օթարյանի շնորհիվ խումբը հաշված րոպեներում թաց ձյան վրա խարույկ է վառել եւ թեյի պատրաստություն տեսել՝ այն դեպքում, երբ օրեր առաջ ռուս փրկարարները կրակ ստանալու վրա ժամեր են վատնել եւ ձախողվել։

Դասընթացն ավարտվել է ամփոփիչ քննությամբ, որը հաջողությամբ հանձնել են բոլոր մասնակիցները։ Ուսումնական կենտրոնից բերված տպագիր եւ էլեկտրոնային գրականությունը կտրամադրվի ՀՆՓԱԻ կենտրոնի եւ հրշեջ-փրկարարական ջոկատների գրադարաններին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն:

Արդեն անցկացված դասընթացներ.

«Արդյունաբերական լեռնագնացություն»

«Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում․ կանխատեսումների եւ մոնիթորինգի կազմակերպում, տիեզերական մոնիթորինգ»