Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Քաղաքացին տանիքում պարում էր

Քաղաքացին տանիքում պարում էր

2436
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 265 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 51 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 22 կեղծ կանչ:

Փրկարարները 113 կենցաղային կանչ են ստացել, որից 70-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 7 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 13 մարդ: Երկու օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աշխատանքի հրապարակի՝ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մատույցներում կամրջի տակից ծեփեր են թափվել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ կամրջի հետ կապված խնդիր չկա, թափվածը հողաքարային զանգված է: Դավիթաշենի փրկարարները ահազանգ են ստացել, որ առաջին թաղամասի շենքերից մեկում թունավոր հոտ է տարածվել, բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, բնակարանի պատերն ուռել են: Քիմիկ-հետախույզը նշված բնակարանում մասնագիտացված սարքավորումներով իրականացրել է չափումներ, վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի տանիքում մի քաղաքացի պարում է: Պարզվել է, որ քաղաքացին նստած է տանիքին, օգնության կարիք չունի:

Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նուռնուս գյուղում զինամթերք է հայտնաբերվել: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ: